Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը BBC-ին

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը BBC-ին
25.10.2019 | 22:54

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ՄԱԿ-ում հնչեցրած հայտարարությունը, ըստ որի Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի բոլոր կողմերի համար, ենթադրում է, որ Հայաստանը ձգտում է հասնել հակամարտության խաղաղ կարգավորման՝ բրիտանական BBC ռադիոկայանի Hard Talk հաղորդաշարին հարցազրույցում ասել է ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ պատասխանելով հաղորդավար Սթիվեն Սակուրի հարցին, որ վարչապետի կողմից նշված «Արցախը Հայաստանն է, և վերջ» կարգախոսը հակասում է խաղաղությանը միտված գործընթացին: «Հայաստանի վարչապետը ձգտում է խաղաղ ճանապարհով խնդրի հանգուցալուծման, քանի որ նա հայտարարում է, որ Հայաստանը պետք է հասնի այնպիսի հանգուցալուծման, որն ընդունելի կլինի և Հայաստանի, և Ադրբեջանի, և թե Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար: Ուստի մենք Ադրբեջանից սպասում ենք համարժեք ազդակ և ուղերձ, որը հաշվի կառնի նաև մեր շահերը, Հայաստանի, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի ժողովրդի մտահոգությունները: Բայց նրանք հրաժարվել են դրանից»,- ասել է նա:

Նախարարը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի հարցը կարևոր տեղ է զբաղեցնում համահայկական օրակարգում: «Հայաստանը հավատարիմ է զարգացմանը միտված համախմբման օրակարգին, որից Լեռնային Ղարաբաղը դուրս չի մնում: Այն համահայկական օրակարգի մաս է: Մենք, որպես ազգ, սահմանափակված չենք միայն Հայաստանի տարածքով, մենք ըստ էության գլոբալ ազգ ենք: Այդ տրամաբանությամբ կարող ենք ասել, որ Լեռնային Ղարաբաղը մեր հայրենակիցներով բնակեցված տարածք է, որտեղ մենք հոգ ենք տանում նրանց անվտանգության մասին: Բայց մենք հանձնառու ենք նաև խնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու գործընթացին, որտեղ Լեռնային Ղարաբաղի անվտանգությունն ու կարգավիճակը բացարձակ առաջնահերթություններ են: Մենք այդ գործընթացից չենք շեղվել»,- հավելել է Զոհրաբ Մնացականյանը:

Հաղորդավարն անդրադարձել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի արձագանքին՝ հիշեցնելով, որ Ռուսաստանը ՀՀ ռազմավարական դաշնակիցն է, որն ունի ռազմաբազա երկրի տարածքում: Մնացականյանը դարձյալ ասել է, որ Հայաստանը շարունակում է ակնկալել ադրբեջանական կողմի համարժեք արձագանքն ու ուղերձը: «Երբ ՀՀ վարչապետն ասաց, որ լուծումը պետք է ընդունելի լինի բոլոր կողմերի համար, մենք դրանից հետո բուռն քննադատության արժանացանք: Սակայն շարունակում ենք պնդել մեր տեսակետը: Մենք պնդում ենք, որ պետք է լինի փոխզիջումային տարբերակ: Ելք հնարավոր է գտնել հենց փոխզիջման ճանապարհով, ինչը պետք է փոխադարձ հանձնառություն լինի: Երբ ՀՀ վարչապետը խոսում էր ԼՂ խնդրի կարգավորման մասին, նա հարցին անդրադառնում էր առանձին պարբերությամբ, որտեղ աներկբա արտահայտում էր մեր մոտեցումը, ինչն էլ ենթադրում է փոխզիջում»,- ասել է նախարարը:

Հարցին՝ համաձա՞յն է միջազգային կազմակերպությունների (ՄԱԿ, Amnesty International) այն գնահատականների հետ, որ ՀՀ զինված ուժերը նախորդ 20 տարիներին չարաշահումներ են թույլ տվել հակամարտության գոտում, և նոր կառավարությունը պատրաստ է շտկել իրավիճակը, Մնացականյանը նշել է, որ նման ձևակերպումն իրականությունը ներկայացնում է փոքր-ինչ խեղաթյուրված: Նա հիշեցրել է հաղորդավարին, որ Հայաստանը եղել և մնում է Լեռնային Ղարաբաղի անվտանգության երաշխավորը: «Մենք հանդես ենք գալիս անվտանգության երաշխավորի դիրքերից, ինչի համար կրում ենք պատասխանատվություն»,- ասել է նա: Հայաստանը չի մնում Մոսկվայի, Բրյուսելի, Վաշինգտոնի կամ մեկ ուրիշի կողքին, BBC լրատվական ծառայության Hard Talk հաղորդմանը տված հարցազրույցում ասել է ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը: «Մենք միայն Երևանում ենք, մենք աշխատում ենք միայն Հայաստանի շահերի համար, և դա պահանջում է շատ բարդ աշխատանք, սակայն այս ամենն անվտանգության համար է, Հայաստանի շահերի համար է: Մենք առաջնորդվում ենք Հայաստանի ազգային շահերով: Մենք բացարձակապես մերժում ենք, չենք ընդունում երկբևեռ աշխարհը՝ այս կամ այն ձևով: Մենք նաև չենք ընդունում հետևյալը. մի դատեք մեր ժողովրդավարությունը մեր աշխարհաքաղաքական որոշումներով, քանի որ մեր աշխարհաքաղաքական որոշումները շատ համալիր են, դրանք, գիտեք, շատ ամբողջական են, և ունենք մեր գործընկերների լիարժեք ըմբռնումը՝ լինի Ռուսաստանը, Եվրամիությունը կամ ԱՄՆ: Մեզ դա հաջողվում է», - հայտարարել է նախարարը: Նրա խոսքով, եթե Հայաստանը թույլ տա իրեն շարժվել միայն այս կամ այն ուղղությամբ, եթե անվտանգության տեսանկյունից ավելի խոցելի դարձնի այս կամ այն ընտրություն կատարելու դեպքում, վնաս կհասցնի ինքն իրեն:

«Դուք չեք երաշխավորում, որ եթե մենք հայտարարենք... Ասացեք, եթե մենք հայտարարենք, որ գնում ենք միայն մեկ ուղղությամբ, դա անմիջապես աշխատելու է, թե մենք սպասելու ենք հերթում 10-15 տարի: Մենք մեզ չենք կարող անգամ թույլ տալ 10-15 րոպեի անվտանգային վակուում», - ասել է Մնացականյանը:

Դիտվել է՝ 819

Մեկնաբանություններ