Մոսկվայում վարչապետ Նիկոլ Փաշինյանն առանձնազրույց է ունեցել ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ: Դմիտրի Մեդվեդևը ասել է. «Հայաստանը նախագահում էր ԵԱՏՄ-ում, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ այդ նախագահության համար, քանի որ այնտեղ կարող են լինել տարբեր իրավիճակներ, և կարծում եմ, ամեն ինչ եղել է շատ արժանապատիվ»: «Սա լավ հնարավորություն է քննարկել երկկողմ առևտրատնտեսական փոխգործակցությունը, ներդրումները, մեր երկրների միջև համագործակցությունը: Ընդհանուր առմամբ, մեզ մոտ ամեն ինչ հաջողությամբ զարգանում է, բայց դա չի նշանակում, որ չկա կատարելագործելու բան: Կան որոշ հարցեր, որոնք պետք է քննարկել: Ես դա հաճույքով կանեմ: Եվս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում Ձեզ միջկառավարական խորհրդի նիստին մասնակցելու համար»,- նշել է Դմիտրի Մեդվեդևը:
Նիկոլ Փաշինյանը նշել է. «Ցանկանում եմ ընդգծել, որ մեր նախագահությունն արգասաբեր ստացվեց: Այս տարի ուժի մեջ մտավ ԵԱՏՄ-ի և Իրանի միջև համաձայնագիրը, մենք պայմանագիր ստորագրեցինք Սինգապուրի հետ, այժմ էլ` Սերբիայի հետ: Կարծում եմ մեր որոշ գործընկերների հետ համագործակցությունը զարգանում է բավականին լավ տեմպերով: Երկրների աշխարհագրությունը, որոնք ունեն պայմանագրեր Եվրասիական տնտեսական միության հետ, ընդլայնվում է»:
Նա նշել է, որ սա շատ լավ առիթ է` քննարկելու համագործակցության հարցերը:
«Ջերմորեն եմ հիշում Ձեր այցը Հայաստան, մենք բավականին արդյունավետ աշխատեցինք, լավ նիստ անցկացրեցինք: Ցանկանում եմ Ձեզ շնորհակալություն հայտնել, որովհետև այն ժամանակ մենք քննարկեցինք Հայաստանից Ռուսաստան արտահանմանը վերաբերող հարցեր, մասնավորապես գյուղատնտեսական ապրանքների, և ցանկանում եմ ընդգծել, որ անցած ժամանակահատվածում, փառք Աստծո, որևէ խնդիր չենք ունեցել: Իհարկե, Վերին Լարսի անցակետն աշխարահագրական առումով դժվարություններ ունի և շատ լավ է, որ Ռուսաստանը պատրաստվում է այնտեղ վերակառուցման աշխատանքներ իրականացնել», - ընդգծել է Փաշինյանը:
Հանդիպման ընթացքում երկու երկրների վարչապետները քննարկել են տնտեսության տարբեր ոլորտներում համագործակցությանը վերաբերող հարցեր, անդրադարձել հայ-ռուսական հարաբերությունների օրակարգային թեմաներին: