«Ժողովուրդը» գրում է․«ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանի ու Աժ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն Բաբայանի նկատմամբ հարուցված քրգործով հոկտեմբերի 24-ին ՀՔԾ-ում վկայի կարգավիճակով հարցաքննվել է նաև ՍԴ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանը: «Ժողովուրդ» օրաթերթին բացառիկ մանրամասներ են հայտնի դարձել Գագիկ Հարությունյանի և ՀՔԾ քննիչների զրույցից: Քննիչները հետաքրքրվել են, թե ե՞րբ է ՍԴ-ից իր հրաժարականի դիմումը ուղարկվել ԱԺ: Ըստ մեր լուրերի` Գ. Հարությունյանն ասել է, թե հրաժարականի դիմումը գրել է մարտի 1-ին, բայց իրեն հայտնել են, որ այն ԱԺ է հանձնվել մարտի 2-ին: ՀՔԾ քննիչը Գագիկ Հարությունյանին ներկայացրել է Արսեն Բաբայանին մեղադրանք առաջադրելու` իշխանության յուրացման բոլոր հանգամանքները, բայց Գագիկ Հարությունյանը, հղում անելով մի շարք օրենքների, բավականին երկար` մի քանի էջ պարզաբանում է ներկայացրել` հիմնավորելով, թե ՍԴ նախագահի պաշտոնի յուրացում չէր կարող լինել, ամեն ինչ կատարվել է օրենքով: ՀՔԾ քննիչները, մեր տեղեկություններով, նրա ցուցմունքը դասախոսություն են որակել»: