ԱԺ ԲՀԿ խմբակցությունը կդիտարկի ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի լիազորությունների դադարեցման նախաձեռնությամբ հանդես գալու կամ չգալու նպատակահարմարության հարցը՝ Tert.am-ի՝ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին ուղղված գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել է նրա մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը: Հարցին, թե մամուլում չեն հերքվել տեղեկությունները, որ Վահե Գրիգորյանը աշխատավարձ է ստանում, օգտվում իրեն՝ որպես ՍԴ դատավոր տրված արտոնություններից, սակայն նիստերին չի մասնակցում, չե՞ն պատրաստվում նրա գործունեության վերաբերյալ ՍԴ հարցում ուղարկել ու էական կարգապահական խախտման դեպքում լիազորությունները դադարեցնելու նախագիծ ներկայացնել, Իվետա Տոնոյանը գրավոր հայտնել է. «Ի պատասխան Ձեր հարցման՝ հայտնում եմ, որ «Աժ կանոնակարգ» սահմանադրական օրենքի 109-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ «ՍԴ դատավորի լիազորությունների դադարեցման հարցով ՍԴ կարող է դիմել Ազգային ժողովը՝ գաղտնի քվեարկությամբ, պատգամավորների ընդհանուր ձայների թվի առնվազն 3/5-ով ընդունված որոշմամբ»:
Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ «ՍԴ դատավորի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու մասին ԱԺ որոշման նախագիծ ներկայացնելու իրավունք ունեն խմբակցությունները»: Սույն հոդվածներում օգտագործվում են «կարող է դիմել» և «իրավունք ունի» արտահայտությունները, որոնք դիսպոզիտիվ են, այլ ոչ թե իմպերատիվ: Դրանից հետևում է, որ ՍԴ դատավորի լիազորությունների դադարեցման հարցով ԱԺ խմբակցությունները ոչ թե պարտավոր են, այլ կարող են դիմել ՍԴ, հետևաբար նման որոշման նախագծով հանդես գալը հայեցողական իրավասություն է և չունի պարտադիր բնույթ: ԲՀԿ խմբակցությունը առ այս պահը այդ թեմայով քննարկում չի ունեցել: Առաջիկայում մենք կդիտարկենք նման նախաձեռնությամբ հանդես գալու կամ չգալու նպատակահարմարության վերաբերյալ հարցը»: