Հոկտեմբերի 27-ը ծանրագույն գործ է, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը: Հարցին՝ Նաիրի Հունանյանը դիմել է վաղաժամ ազատ արձակման համար, նշանակո՞ւմ է, որ նա ցանկանում է նոր հանգամանքներ բացահայտել հոկտեմբերի 27-ի վերաբերյալ՝ Դեմիրճյանն ասաց․ «Նա խոսի չխոսի, պետք է մինչև իր կյանքի վերջը նստի»։
«Հոկտեմբերի 27-ի բացահայտման մասով սպասելիքներ առանձնապես չունեմ, բայց հույս միշտ կա»՝ ասաց ոճրագործության զոհերից Կարեն Դեմիրճյանի այրին՝ Ռիմա Դեմիրճյանը։ «Դա շատ կարևոր հարց է՝ հասարակությանը հանգստացնելու համար։ Դա պետք է արվի, բայց արվի շատ զգուշավոր, օբյեկտիվ, համոզիչ, որովհետև մեր նպատակն է հանգստացնել մթնոլորտը», - ասաց նա։ Ռիմա Դեմիրճյանը շեշտեց՝ քանի դեռ ոճրագործությունը բացահայտված չէ, գործի արդար քննության կարիքը կա։
«Իհարկե, դա բարդ գործ է, հասարակությունը ցնցող։ Պետք է ամեն բան արվի ամենայն ճշգրտությամբ, որպեսզի կրքերը հանգստանան, մթնոլորտը փոխվի։ Պետք է կամ բացահայտել, կամ ամեն ինչ անել և ասել՝ ժողովուրդ չի բացահայտվում։ Այ այդպես», - ասաց Կարեն Դեմիրճյանի այրին: