Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի «Քրիստոնեա-դեմոկրատական միություն» կուսակցությունը պարտվել է կիրակի օրը Թյուրինգիա երկրամասի խորհրդարանի` լանդտագի ընտրություններում: Reuters-ի տեղեկություններով՝ առավելագույն թվով քվեներ` 28 տոկոս, ստացել է Ձախ կուսակցությունը: 23 տոկոսով երկրորդ տեղում է ծայրահեղ աջ «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունը: Մերկելի քրիստոնյա-դեմոկրատները Թյուրինգիայում 22 տոկոս են ստացել` զբաղեցնելով երրորդ տեղը: «Արևը ծագում է Արևելքում և շատ շուտով այն կլուսավորի ողջ Գերմանիան: Մենք արդեն իսկ կարողացել ենք երկրի արևելքը ներկել մեր կուսակցական գույներով: Մի քանի տարի հետո մեր կուսակցությունը իրական ժողովրդական ուժ կդառնա ողջ Գերմանիայի համար», - ընտրությունների նախնական արդյունքների հրապարակումից հետո հայտարարել է ծայրահեղ աջերի կուսակցական ցուցակը գլխավորող Բյորն Հոքեն: