Իրանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավին հոկտեմբերի 28-ին հայտարարել է, որ ԱՄՆ-ը ԻՊ ահաբեկչական խմբավորման պարագլուխ Աբու Բաքր ալ Բաղդադիին ոչնչացրել է «պիտանելիության ժամկետի լրանալու» պատճառով: «Բոլորն էլ տեղյակ են, որ ԻՊ-ը և Աբու Բաքի ալ Բաղդադին, ինչպես և նրանք, ովքեր գլխավորում են ահաբեկչական խմբավորումները, որոնք, իրենց իսկ խոստովանությամբ, ստեղծվել են ամերիկացիների կողմից, ունեն «պիտանելիության ժամկետ»,- ասել է Մուսավին IRIB իրանական պետական հեռուստառադիոընկերությանը:«Հենց լրանում է այդ խմբավորումների «պիտանելիության ժամկետը», վերացվում են»,- հավելել է Իրանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչը: Նա ԻՊ-ի պարագլխի վերացման փաստը կապել է ԱՄՆ-ում մոտալուտ նախագահական ընտրությունների հետ: