Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանի ղեկավարած Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի գրասենյակում այսօր «Հոկտեմբերի 27-ից 20 տարի անց. հայացք անցյալին, դասեր և մտորումներ» խորագրով քննարկում է հրավիրված, որին, սակայն, մասնակցելու իրավունք կունենան ընտրովի լրատվամիջոցներ։
Այդ մասին նշված է Ստյոպա Սաֆարյանի տարածած հայտարարության մեջ. «Մուտքը news.am, hayeli.am, 168.am, yerevan today, 7or.am, livenews.am, 5-րդ ալիք ու Երկիր մեդիա հեռուստաընկերությունների և այլ քարոզչամիջոցների առջև փակ է: Սույն լրատվամիջոցներին ներկայացնող լրագրողները, տեսախցիկները դուրս են հանվելու դահլիճից»։ Լրատվամիջոցների նկատմամբ իրականացվող խտրականության վերաբերյալ Aysor.am-ը զրուցեց Հայաստանի Ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանի հետ։
«Ինձ այս ամեն ինչը չի զարմացնում։ Արդեն շուրջ 2 տարի սրա ականատեսն ենք լինում, սա ենք լսում։ Վարչապետից սկսած բաժանումներ են անում, Նիկոլ Փաշինյանն իր բերանով է ասում, որ լրատվամիջոցների 90 տոկոսն այս կողմից է ֆինանսավորվում, այն կողմից է ֆինանսավորվում, կարծես թե իր լրատվամիջոցը ժամանակին կամ հիմա որտեղից է ֆինանսավորվում։ Ստյոպա Սաֆարյանը, տվյալ դեպքում, քանի որ իրենց ստեղծած ՊՈԱԿ-ի և Նիկոլ Փաշինյանի անձնական քարոզչությամբ է զբաղվում, ինձ դա չի զարմացնում», - ասաց Սաթիկ Սեյրանյանը։
Նա նշեց, թե տպավորություն է, որ հոկտեմբերի 27-ի ոճրագործության թեմային անդրադարձը Ստյոպա Սաֆարյանի ծննդյան տարեդարձն է, ում կուզի կհրավիրի, ում չի ուզի՝ ոչ։ «Սա խտրականություն է, խոսքի ազատության դեմ կոպտագույն քայլ է»։ Ժուռնալիստների միության նախագահն ասաց, թե լրատվամիջոցներից ոմանք արդեն արձագանքել են, որ բոյկոտելու են միջոցառումը։ «Սա ևս մեկ անգամ ցույց կտա, թե դաշտը որքանով է համերաշխ», - ասաց Սաթիկ Սեյրանյանը։
Ինչ վերաբերում է Հայաստանում խոսքի ազատության պաշտպանությամբ զբաղվող այլ կառույցներին արձագանքին, Սեյրանյանն ասաց, թե այն օրվանից ինչ ստանձնել է Ժուռնալիստների միության նախագահի պաշտոնը, այդ կառույցն ինքնուրույն է հանդես գալիս հայտարարություններով։ «Թե ինչպես կվարվեն իրավապաշտպանները, որ մերթ իրավապաշտպան են, մերթ՝ ոչ, ԶԼՄ-ներին ընտրովի աջակցող կամ այդ խնդիրներով զբաղվող կազմակերպություններն ինչով կզվաղվեն, ինչ հայտարարություն կանեն, դա իրենց գործն է։ Պարզապես ես արձանագրել եմ, որ այո, երբ պետք է, իրենք հայտարարություն են անում, երբ պետք չէ՝ կարողանում են շատ կազմակերպված լռել։ Սա ոտնձգություն է խոսքի ազատության, մամուլի ազատության, ժողովրդավարական արժեքների դեմ», - եզրափակեց Սաթիկ Սեյրանյանը։