Պատմության մեջ առաջին անգամ մարզպետարանների և պետական կառավարման համակարգի աշխատողները 2019-ին ստաբիլ բարձր աշխատավարձ են ստանում, լրագրողների հետ զրույցում ասաց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։
Հարցին՝ արդյունավետության առումով ի՞նչ է փոխվել, մարզպետը պատասխանեց․
«1500 հա վարելահող եմ ազատագրել նախկին գյուղապետներից։ Մարզում ասֆալտապատվում է ռազմավարական նշանակություն ունեցող տարածք, որը երբեք նախկինում ասֆալտապատված չի եղել»։ Սանոսյանը միաժամանակ նշեց, որ մարզպետարանում կրճատումներ են սպասվում, նախկին 3 փոխմարզպետներից երկուսն արդեն իսկ կրճատվել են, այժմ կա ընդամենը 1 փոխմարզպետ, իսկ մնացած աշխատակազմը կկրճատվի տարածքային կառավարման մասին օրենքի ընդունումից հետո։
Լրագրողները նաև հետաքրքրվեցին՝ ինչու՞ է մարզպետը պատվոգրով պարգևատրել իր դստերը։ «Մայիսի 11-ին բիզնես ֆորում էր կազմակերպվել, մոտ 20 կամավորներ օգնում էին ֆորումի կազմակերպման հարցերում։ Այդ 20-ի թվում նաև իմ աղջիկն էր։ Բոլոր 20-ին և մյուս օգնողներին տվել ենք պատվոգիր։ Եթե ինչ-որ մեկը մտածում է, որ նորմալ չէ, նման մոտեցում ունեցողները ռասիստական վերաբերմուք ունեն պաշտոնյաների երեխաների նկատմամբ»: