ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին առնչվող նոր քրեական գործը ՀՔԾ-ում երեկ են ստացել, դեռևս ուսումնասիրում են՝ այսօր հայտնեց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը՝ պատասխանելով հարցին՝ «Հրայր Թովմասյանի գործն արդեն փոխանցվեց Հատուկ քննչական ծառայության վարույթ, և կոնկրետ այս պահի դրությամբ ՀՔԾ-ն իրավասո՞ւ է հարցաքննել Հրայր Թովմասյանին կամ նրան ներգրավել որպես մեղադրյալ այս գործում»: «Քրեական գործը երեկ ենք ստացել, դեռևս ուսումնասիրում ենք, այդ գործով ոչ մի մեկնաբանություն այս պահին չեմ անի: Իսկ ինչ վերաբերում է անձին հարցաքննելու իրավունքին, հարցաքննելու իրավունք ունենք ցանկացած անձի», - ասաց Խաչատրյանը: «Իսկ եթե նա ունի անձեռնմխելիություն՝ որպես ՍԴ նախագահ, դուք չպե՞տք է ստանաք ՍԴ-ի թույլտվությունը», - հարցին էլ ՀՔԾ պետն արձագանքեց․«Հարցաքննելու համա՞ր, ընդամենը հարցաքննելու համար՝ ոչ»:
Հարցին էլ՝ իսկ մեղադրյալ ներգրավելու համա՞ր, կարո՞ղ եք մեղադրյալ ներգրավել, Սասուն Խաչատրյանը պատասխանեց․ «Ես հիմա չեմ մեկնաբանի, դա իրավական վեճ է, իրավական խնդիր է, դրա մասին հիմա չեմ խոսի: Ես, այո, իհարկե, ունեմ համոզմունք, բայց չեմ հայտնի ձեզ»:
Փաստաբանների, քաղաքական գործիչների տեսակետին, որ ՍԴ նախագահի նկատմամբ այս պրոցեսը քաղաքական ճնշում է, որպեսզի նա հրաժարական տա, Խաչատրյանը հակադարձեց․«Ես մի քանի առիթով ասել եմ, որ ՀՔԾ-ն քաղաքական վերահսկողությունից դուրս է աշխատում, ղեկավարվում է միայն օրենքով: Ինչ վերաբերում է պաշտպանների հայտարարություններին, ես մի քանի առիթով ասել եմ, որ դա պաշտպանի աշխատանքն է՝ բոլոր չարգելված միջոցներով պաշտպանել իր վստահորդին: Հիմա պաշտպանները ընտրել են այդ ճանապարհը, և ես որևէ ձև չեմ կարող մեկնաբանել՝ ինչու են ընտրել»:
Աժ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանին վերաբերող հարցերին, թե ինչո՞ւ են միջնորդել նրա նկատմամբ խափանման միջոց ընտրել կալանքը, ինչո՞ւ են, ինչպես նա է պնդում, զրկել հաղորդակցության, հարազատների հետ շփման հնարավորությունից, ՀՔԾ ղեկավարը պատասխանեց․ «Յուրաքանչյուր կոնկրետ դեպքում քննիչ է գնահատում, թե որ խափանման միջոցն է ի զորու ապահովել մեղադրյալի պատշաճ վարքագիծը: Տվյալ դեպքում գործը քննող քննիչը եկել է այն եզրահանգման, որ Արսեն Բաբայանի պատշաճ վարքագիծը կարող է ապահովվել միայն կալանավորման պայմաններում, նաև հենց այդ նկատառումներով արգելանք է դրվել նրա տեսակցությունների վրա»:
«Տվյալ դեպքում Արսեն Բաբայանի նկատմամբ ընտրված է խափանման միջոց կալանք, այսինքն՝ խափանման միջոց կալանավորումը հենց ընտրվում է այն նկատառումներով, որպեսզի բացառվի նաև նրա շփումը այլ անձանց հետ, - հավելեց Խաչատրյանը:- Հանցանքի վտանգավորությունը, հանրության համար վտանգավորության աստիճանը, ծանրության աստիճանը ինչ-որ չափով կանխորոշում է, որոշակի դեր խաղում է խափանման միջոց ընտրելու հարցում, բայց հիմնական, խափանման միջոց ընտրելու հարցում հիմքը մեղադրյալի պատշաճ վարքագիծը ապահովելն է, նպատակը»:
«Ես նման տեղեկատվություն չունեմ, որ անչափահաս երեխաների հետ շփումը նրա արգելվել է: Եթե նման թյուրիմացություն եղել է, անչափահաս երեխաների հետ նրա տեսակցությունը արգելվել է, իհարկե այդ թյուրիմացությունը կշտկվի»,- ասաց ՀՔԾ պետը:
Մեկ այլ հարցի՝ «եթե Հրայր Թովմասյանը հրաժարական տար, Արսեն Բաբայանի դեպքում որևէ գործ կհարուցվե՞ր» Սասուն Խաչատրյանը հակադարձեց. «Հրայր Թովմասյանի հրաժարական տալ-չտալը քրեական գործի համար որևէ նշանակություն չունի, և կրկին անգամ ասում եմ, որ ՀՔԾ-ն քաղաքականությամբ չի զբաղվում»: