Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսի նախագահությամբ ընթացող Գերագույն հոգևոր խորհրդի ժողովում անդրադարձ է կատարվել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանության առնչությամբ բանաձևի ընդունման փաստին: Գերագույն հոգևոր խորհուրդը, ողջունելով բանաձևի ընդունումը, համարել կարևոր քայլ հայ ժողովրդի նկատմամբ պատմական արդարությունը վերականգնելու և ցեղասպանության սուրբ նահատակների խնկելի հիշատակը հարգելու համատեքստում: ԳՀԽ անդամները նաև իրենց գնահատանքն են արտահայտել բոլոր այն կազմակերպություններին ու անհատներին, որոնց անխոնջ ջանքերի շնորհիվ հնարավոր դարձավ Հայոց Մեծ Եղեռնի միջազգային ճանաչման ու դատապարտման խնդրում հասնել կարևոր այս հանգրվանին:
«Արտահայտելով Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և աշխարհասփյուռ հայ ժողովրդի երախտագետ զգացումները` Գերագույն հոգևոր խորհուրդը հույս հայտնեց, որ ԱՄՆ իշխանությունները և բարեսեր ժողովուրդը նույն արդարամտությամբ կշարունակեն ջանքեր ներդնել` հանուն Հայոց ցեղասպանության ճանաչման և աշխարհում նման ոճրագործությունների կանխարգելման», - փոխանցում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը: