Հայաստանի ներկա իրավիճակը չի համապատասխանում այն իրավիճակին, որում հիմա գտնվում ենք, կարելի՞ է վիճակը լավացնել, իհարկե՛ կարելի է, բայց դա իշխանությունից է կախված. կտրուկ պետք է փոխել այն քաղաքականությունը, որ իրենք վարում են երկրի ներսում, այսօր հրավիրված մամուլի ասուլիսին հայտարարեց Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը։
«Պետք է ազատվել հեղափոխական փրփուրից։ Միշտ հեղափոխությունից հետո փրփուր է առաջանում, լինում են անարժան մարդիկ, որոնք փորձում են պղտոր ջրում ձուկ որսալ։ Այս հարցի լուծումը միայն իշխանությունից չի կախված, կախված է նաև հասարակությունից», - ասաց Մանուկյանը: Երբ նայում ես, թե ինչ է կատարվում աշխարհում և ինչ է կատարվում Հայաստանում, տեսնում ես, որ չի համընկնում ինչ-որ մի բան՝ հայտարարեց Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը։ «Աշխարհում նոր իրավիճակ է ստեղծվել, այն համընդհանուր ինտեգրացիայի պայմանները փոխվել են նոր պայմանների։ Բոլոր պետությունների ներսում գլուխ են բարձրացնում այն ուժերը, որոնք ազգային են, պետականամետ են», - ասաց Մանուկյանը։ Նա նշեց, որ տարածաշրջանում հսկայական փոփոխություններ են տեղի ունենում, Ռուսաստանի դերակատարությունը տարածաշրջանում կտրուկ բարձրացել է։ «Այս պայմանները չեն համընկնում նախորդ իրավիճակի հետ, աշխարհը մի նոր փուլի մեջ է մտնում։ Թվում էր, թե մենք դրա հիման վրա պետք է կառուցեինք մեր քաղաքականությունը, որովհետև սկսում են նոր ժամանակներ, նոր մարտահրավերներ, նոր վտանգներ և նոր հնարավորություններ», - ասաց Վազգեն Մանուկյանը։
Անդրադառնալով ներքաղաքական զարգացումներին՝ Վազգեն Մանուկյանն ասաց.
«Անկեղծ ասած՝ մեր հասարակությանը այսպես բզկտված դեռ չէի տեսել։ Իրար նկատմամբ թույնով լցված, մատնություններ անել, արժեքավոր մարդկանց նկատմամբ քրեական գործեր հարուցել... Արցախի պաշտպանության նախարարին են հանում, իրենց կարծիքով ինչ-որ մի նախադասություն ճիշտ չի ասել, որը լավագույն նախարարներից էր։ Անարժեք մարդիկ հետապնդում են այս պետության համար մեծ արժեքներ ստեղծած մարդկանց»: