2014-ին Եվրոպական հանձնաժողովի նախագահ ընտրված Լյուքսեմբուրգի նախկին վարչապետ Ժան-Կլոդ Յունկերի լիազորությունների ժամկետն այսօր սպառվեց: Նրան վաղվանից կփոխարի Գերմանիայի ներկայացուցիչ Ուրսուլա ֆոն դեր Լայենը:
Նա 2005-ից է աշխատել կանցլեր Անգելա Մերկելի կառավարությունում՝ նախ որպես Ընտանիքի և երիտասարդության, ապա՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար, իսկ 2013-ից պաշտպանության նախարար: Ուրսուլա ֆոն դեր Լայենն առաջին կինն էր այդ պաշտոնում: Եվ վաղը՝ որպես առաջին կին, ստանձնելու է Եվրոպական հանձնաժողովի նախագահի պաշտոնը: Նա Բրյուսելում է ծնվել, 1958-ին, հայրը՝ Էռնստ Ալբրեխտը, գերմանացի պետական գործիչ էր Քրիստոնեա-դեմոկրատական միությունից և ինտեգրման ուղին ընտրած Եվրոպայի առաջին կառույցների քաղաքացիական ծառայողներից էր: Նա աշխատանքի բերումով է բնակվել Բրյուսելում, որտեղ էլ ծնվել է դուստրը: Գերմաներենին հավասար Ուրսուլա ֆոն դեր Լայենը խոսում է ֆրանսերեն և անգլերեն: Երրորդ լեզուն նա կատարյալ սովորել է նախ ուսման նպատակով բնակվելով Լոնդոնում, իսկ հետո էլ՝ ապրելով ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում, որտեղ Սթենֆորդում պայմանագրով 4 տարի աշխատել է բժիշկ ամուսինը՝ Հեյկո ֆոն դեր Լայենը: Տեր և տիկին ֆոն դեր Լայեններն ունեն յոթ երեխա:
Եվրոպական հանձնաժողովի նախագահի աշխատավարձը 28 հազար եվրո է, նրան տրվում է նաև 4 հազար 185 եվրո բնակարան վարձելու համար, և առայժմ հայտնի չէ, թե ինչ կորոշի Ուրսուլա ֆոն դեր Լայենն այդ գումարի վերաբերյալ: Համենայն դեպս, նա ասել է, որ Բրյուսելում Եվրոպական հանձնաժողովին տրված «Բերլեմոն» անվամբ շենքի 13-րդ հարկում 25 քառակուսի մետրանոց սենյակ է ընտրել: Ուրսուլա ֆոն դեր Լայենի փոխանցմամբ, նախ դա թույլ կտա միջոցներ խնայել, բացի այդ, շենքի անվտանգությունն արդեն ապահովված է, ուստի պետք չի լինի առանձնատուն գտնել Բրյուսելում և լուծել անվտանգության հարցը: Եվս մի շատ կարևոր գործոն՝ մեքենաներով գերբեռնված Բրյուսելում տրանսպորտի խնդիր չի լինի, դուրս ես գալիս բնակարանից ու ոտքով կես րոպեում հասնում գրասենյակ, որը նույն շենքում է: Ազատ ժամանակը նա կանցկացնի ընտանիքի հետ՝ Գերմանիայում, Հանովեր քաղաքում: Լինելով Գերմանիայի պաշտպանության նախարար, Ուրսուլա ֆոն դեր Լայենն աշխատանքային օրերին բնակվել է նախարարության 7.5 քառակուսի մետրանոց սենյակում, որը խուց է Բրյուսելում 25 քառակուսի մետրի համեմատությամբ: