Ոչինչից չի վախենում միայն կատարյալ հիմարը՝ ՀՀԿ քաղաքական դպրոցի շրջանավարտներին վկայականների հանձնման արարողությունից հետո շրջանավարտներից մեկի հարցին պատասխանել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, գրում է News.am-ը։ «Ես 1988-ից հետո իրոք վախեցել եմ, վախեցել եմ կորցնել մեր հայրենիքի մի մասը՝ Լեռնային Ղարաբաղը, ինչը շատ մեծ և իրական վտանգ կբերեր մեր հայրենիքի մնացած և վերջին մասին համար։ Բայց տասնյակ հազարավոր նվիրյալների հետ միասին նայելով վախի աչքերի մեջ՝ մենք կարողացել ենք հաղթահարել այդ վախը պատերազմի՝ ձեզ հայտնի արդյունքներով։ Ես հիմա էլ եմ վախենում անպատասխանատու պոպուլիստների՝ մեր հայրենիքի համար կործանարար քաղաքականությունից։ Իմ անձի հետ կապված ես վախենալու որևէ բան չունեմ: Եթե ինձ ձերբակալելով մեր ժողովուրդը գոհ ու երջանիկ կլինի, Մարտի 1-ը, Հոկտեմբերի 27-ը կհամարվի ամբողջովին բացահայտված, մեր երկրին սպառնացող վտանգները կչեզոքանան, ԼՂ բանակցությունները կվերադառնան ճիշտ ուղի, թող ձերբակալեն», - ասել է Սերժ Սարգսյանը։ Նրա խոսքով՝ վախկոտ են համարվում այն մարդիկ, որ ինչ-որ ազդեցությունների հետևանքով հաճախ փոխում են իրենց որոշումները։ «Ես որոշում փոխող չեմ, երբեք չեմ փոխել իմ որոշումը։ Եթե իմ բացակայությունը հասարակությունից կնպաստի, որ տնտեսական հեղափոխությունը մեծ թափ ստանա և հայրենադարձների հոսքը Հայաստան այնքան մեծանա, որ մենք դրանով ուղղակի կհպարտանանք, թող ձերբակալեն», - ասել է Սերժ Սարգսյանը։ Նա շեշտել է՝ ավելին չի ուզում ասել, քանի որ խոստացել է պարզ և անկեղծ զրույց ունենալ ՀՀ քաղաքացիների հետ, իսկ դրա ժամկետը մոտենում է։