«168 Ժամը» գրում է. «Բաքվում մեկնարկել է ԱՊՀ ՊՆ նախարարների կոմիտեի նիստը, և, ինչպես հայտնի է, դրանից մեկ օր առաջ կարճատև այցով Երևան ժամանեց ՌԴ ՊՆ նախարար Սերգեյ Շոյգուն: Իրականում ինչո՞ւ է Շոյգուն եկել Երևան, և ի՞նչ է կատարվել այստեղ: Ժամանակին՝ դեռևս ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի օրոք, ռուսական կողմի հետ պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որ Երևանում և Բաքվում ԱՊՀ պաշտպանության նախարարների նիստեր չեն անցկացվի, որ կողմերը հանգիստ մասնակցեն ու որևէ կաշկանդվածություն չունենան: Եվ այդ պայմանավորվածությունը մշտապես պահպանվել է, երբեք ոչ Բաքվում, և ոչ էլ Երևանում ԱՊՀ պաշտպանության նախարարների կոմիտեի նիստ տեղի չի ունեցել: Փաստորեն, այս անգամ ՀՀ իշխանություններին չի հաջողվել պահել պայմանավորվածությունը, և նախարարների նիստը նշանակված է եղել Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում: Ակնհայտ էր, որ նման պարագայում հայկական կողմն այդ նիստին չէր մասնակցելու, և որպեսզի մեղմի հայկական կողմի՝ չմասնակցելու հարցը, այդ նիստից մեկ օր շուտ եկել է Երևան, և ապա այստեղից մեկնել Բաքու»: