«Ժողովուրդը» գրում է. «ՀՀ և Ասիական զարգացման բանկի միջև նախատեսվում է ստորագրել «Հանրային արդյունավետության և ֆինանսական շուկաների երկրորդ ծրագիր» վարկային համաձայնագիր: Համաձայնագրով նախատեսվում է Հայաստանին տրամադրել բյուջետային աջակցության վարկ` 36 մլն 506 հազար եվրո գումարի չափով: Ծրագրի հիմնական նպատակն է հզորացնել Հայաստանի հարկաբյուջետային կայունությունը, զարգացնել ֆինանսական և կապիտալի շուկաները: Ծրագրի շրջանակը ներառում է` պետական պարտքի և հարկաբյուջետային ռիսկերի կառավարման հզորացում, փողի շուկայի իրացվելիության և ֆինանսական շուկայի թափանցիկության բարելավում և կորպորատիվ պարտքի և բաժնետիրական կապիտալի շուկաների զարգացում:
Պարզվում է` ՀՀ կառավարությունն այսօրվա իր նիստում հավանություն կտա նաև երկրորդ վարկային համաձայնագրի ստորագրմանը: ՀՀ ֆինանսների նախարարության, շրջակա միջավայրի նախարարության և Վերականգնման վարկերի բանկի (KfW) միջև նախատեսվում է ստորագրել «Քաղաքականության վրա հիմնված վարկ – Շրջակա միջավայրի պահպանություն» վարկային համաձայնագիրը: Ըստ դրա` նախատեսվում է Հայաստանին տրամադրել բյուջետային աջակցության վարկ` 40 մլն եվրո գումարի չափով: Նշված միջոցներն ուղղվելու են «2019 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով սահմանված պակասուրդի ֆինանսավորմանը»։