Կառավարության որոշմամբ`Վայոց Ձորի նոր մարզպետ նշանակվեց նախկին մարզպետի հրաժարականի պատճառ դարձած ծեծի գործով մեղադրյալի փաստաբան Արարատ Գրիգորյանը։ Եղեգնաձորում սեպտեմբերի 18-ի գիշերը զինվորականների և մարզպետարանի աշխատակիցների մասնակցությամբ միջադեպից հետո կալանավորվել էր նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանի օգնական Հարություն Գրիգորյանը` դիտավորությամբ անձին ծանր մարմնական վնաս պատճառելու մեղադրանքով։ Պնդումները, թե մարզպետը ևս միջադեպի մասնակից էր, Տրդատ Սարգսյանը հերքեց, բայցևայնպես հրաժարական ներկայացրեց` դա բացատրելով «քաղաքական պատասխանատվությամբ»:
Նորանշանակ մարզպետը կառավարության նիստից հետո պնդեց՝ այն, որ ինքը ներկայացրել է նախկին մարզպետի թիմակցի շահերը, իրեն Տրդատ Սարգսյանի թիմակից չի դարձնում, նախկին մարզպետի հրաժարականին էլ ձևական տեսք չի հաղորդում:
«Ինչ վերաբերում է այն հարցին, որ ինչի՞ պարոն Սարգսյանի հետ իմ ունեցած, այսինքն՝ փաստաբանական աշխատանք իրականացնելու ժամանակ իմ աշխատանքի բնույթից ելնելով իր հետ հարաբերությունը որևէ խոչընդոտ չի, եթե մտածենք՝ կարող է խոչընդոտ առաջացնել, նշանակում է մեր երկրում յուրաքանչյուր փաստաբան բացի փաստաբանական գործունեությունից որևէ այլ գործունեություն իրականացնելու հնարավորություն չի կարող ունենալ», - նշեց Արարատ Գրիգորյանը: