Հոկտեմբերի 31-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության Աժ հերթական նիստը: ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը խորհրդարանի անունից շնորհակալություն է հայտնել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում հոկտեմբերի 29-ին ընդունված Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հեղինակներին, կողմ քվեարկած կոնգրեսականներին, հայկական կազմակերպություններին, և շնորհավորելով բոլորին՝ նշել է. «Մենք կարող ենք արձանագրել, որ պատմական հաջողություն ունենք և, որ պակաս կարևոր չէ, այդ հաջողությունը գրանցվել է թիմային ու տարիների հետևողական աշխատանքի շնորհիվ»:
Չնայած պետական-իրավական մշտական հանձնաժողովի բացասական եզրակացությանը, խորհրդարանը որոշել է նստաշրջանի օրակարգ մտցնել նաև քաղաքացիական նախաձեռնության կարգով ԱԺ ներկայացված «Արցախի Հանրապետության Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու մասին» նախագիծը, որը խորհրդարանին ներկայացրել է նախաձեռնող խմբի լիազոր ներկայացուցիչ Վլադիմիր Պողոսյանը: Սահմանադրական փոփոխությունների նախագծով առաջարկվել է փոփոխություն կատարել ԱՀ Սահմանադրության 48-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերում՝ Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու և ԱԺ պատգամավորի թեկնածու առաջադրվելու իրավունք տալով նաև ՀՀ քաղաքացիներին, իսկ մշտական բնակության ընտրական ցենզը նվազեցնել՝ նախագահի թեկնածուի համար 10 տարին դարձնելով 3, պատգամավորի թեկնածուի համար 5 տարվա փոխարեն սահմանելով 3 տարի:
Հարակից զեկուցումներով հանդես են եկել խորհրդարանի գլխադասային հանձնաժողովի նախագահ Հովիկ Ջիվանյանը, կառավարության տեսակետը ներկայացրել է Արդարադատության նախարար Արարատ Դանիելյանը: Զեկուցողներին հարցեր են առաջադրել մեկ տասնյակից ավելի պատգամավորներ:
Մտքերի փոխանակությանը հանդես են եկել պատգամավորներ Ռուսլան Իսրայելյանը, Ռոբերտ Ղահրամանյանը, Գեղամ Ստեփանյանը, Դավիթ Իշխանյանը, Գագիկ Բաղունցը, Էդուարդ Աղաբեկյանը, Վարդգես Բաղրյանը, Արպատ Ավանեսյանը: ԱՀ ԱԺ Կանոնակարգ օրենքով սահմանված կարգով ելույթի հնարավորություն է տրվել նաև հրավիրված Ռաֆիկ Մարտիրոսյանին:
ԱԺ խմբակցությունների կողմից հարցի վերաբերյալ դիրքորոշումներ են ներկայացրել «Վերածնունդ» խմբակցության ղեկավար Հայկ Խանումյանը, «Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արմեն Սարգսյանը և «Հայրենիք» խմբակցության ղեկավար Արթուր Թովմասյանը: Արտահերթ ելույթի իրավունքով հանդես է եկել ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը: 4 կողմ, 24 դեմ և 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ նախագիծը մերժվել է:
Սահմանադրական փոփոխությունների նախաձեռնությամբ հանդես էր եկել Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը: Նա ցանկանում է առաջադրվել գարնանը սպասվող նախագահական ընտրություններում, սակայն գործող Սահմանադրությունը թույլ չի տալիս: