ԵԱՀԿ-ն ողջունում է Երևանի և Բաքվի ջանքերը՝ ապահովելու կայուն անվտանգային իրավիճակ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հայտարարել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերը՝ Մոսկվայում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսում:
«Բանակցային գործընթացի դինամիկան փոքր-ինչ դանդաղել է, սակայն մենք հույս ունենք, որ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների՝ ԵԱՀԿ նախարարական հավաքի շրջանակում Բրատիսլավայում (դեկտեմբերի 5-6-ը-խմբ.) ծրագրված հանդիպումը նոր թափ կհաղորդի գործընթացին», ասել է Գրեմինգերը: Նրա խոսքով՝ կայուն անվտանգություն ապահովելուն ուղղված քայլերը շատ կարևոր են, քանի որ հակամարտության կողմերում մարդկային կյանքի կորուստն անթույլատրելի է, իսկ մարդկային կյանքի պաշտպանությունը թե քաղաքացիական, թե ռազմական կառույցների պարտավորությունն է:
ՌԴ ԱԳ նախարար Լավրովը կարևորել է Բրատիսլավայում նախարարական հավաքի հնարավորությունն օգտագործելով ԼՂ հակամարտության կողմերի միջև դրական միջավայրի ապահովումը: «Մոտեցումների մերձեցման և կոմպրոմիսի հասնելու համար էլ հենց կարևորվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ջանքերը»,-նշել է համանախագահող երկրներից մեկի ԱԳ նախարարը: