ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը որոշել է դադարեցնել Լիբանանի կառավարությանն անվտանգության կարիքների համար տրամադրվող 105 մլն դոլարի աջակցությունը, հաղորդում է Reuters-ը: Գործակալության աղբյուրները հայտնել են, որ ԱՄՆ պետդեպարտամենտը Կոնգրեսին տեղեկացրել է որոշման մասին՝ առանց պատճառները նշելու։ Պաշտոնյաներից մեկն ասել է, որ այդ քայլը կարող էր պայմանավորված լինել երկրում բողոքի ակցիաներով: ԱՄՆ-ի ռազմական օգնությունը Լիբանանին ներառել է գիշերային տեսունակության սարքերի և զենքի մատակարարում, որն օգտագործվում է սահմանապահ ծառայությունների կողմից:
Reuters-ի պնդմամբ՝ Դոնալդ Թրամփի վարչակազմն այս տարվա մայիսից պահանջել է հավանություն տալ Լիբանանին տրամադրվող ռազմական օգնությանը՝ նրան համարելով Մերձավոր Արևելքում կարևոր գործընկեր, սակայն Վաշինգտոնը նաև բազմիցս անհանգստություն է հայտնել Լիբանանի կառավարությունում շիական «Հեզբոլլահ» կուսակցության աճող դերի կապակցությամբ, որն ԱՄՆ-ում ահաբեկչական կազմակերպություն է ճանաչվել: