Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների մակարդակով նոր հանդիպում այս պահի դրությամբ նախատեսված չէ՝ հայտնեց ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը։
Հարցին, թե ի՞նչ իրավիճակ է բանակցային գործընթացում, մասնավորապես՝ գործընթացի վրա ազդեցություն ունեցե՞լ է Հայաստանի վարչապետի՝ «Արցախը Հայաստան է և վերջ» հայտարարությունը, որը միջազգային հանրությունը ոչ միանշանակ ընդունեց, նախարարը պատասխանեց. «Մենք թիրախային և նպատակաուղղված աշխատում ենք բանակցային գործընթացի մեջ, բոլոր այն դիրքորոշումները, որոնցով հանդես ենք գալիս, վստահ եմ, որ առավել քան ծանոթ են ձեզ, որովհետև բազմիցս ենք խոսում դրանց մասին, և այդ բոլոր համադրություններով հանդերձ աշխատում ենք բանակցային գործընթացում, աշխատում ենք թիրախային»։
Նա հավելեց, որ երբեք չեն դանդաղեցրել, ձգձգել բանակցային գործընթացը։ Հիշեցրեց, որ ադրբեջանցի իր գործընկերոջ հետ վերջին հանդիպումը սեպտեմբերին էր։ Հաջորդ հանդիպումը, ինչպես հայտնել էր ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերը, նախատեսված է դեկտեմբերի 5-6-ը Բրատիսլավայում, որտեղ կայանալու է ԵԱՀԿ արտգործնախարարների հերթական նիստը:
«Ղեկավարների մակարդակով ներկայիս պահի դրությամբ դեռևս չենք ծրագրում, բայց կարող է ամեն ինչ էլ լինել, ցանկացած ուղղությամբ զարգանալ, եթե անհրաժեշտ լինի, կան որոշակի պայմանավորվածություններ, գաղափարներ՝ ղեկավարների մակարդակով, թե ինչպես կարելի է հանդիպումները կազմակերպել, այդ առումով գործ ունենք անելու։ Որ ամենակարևորն է, մենք այդ գործի մեջ ունենք մեր շատ հստակ դիրքորոշումները՝ ապահովել այնպիսի ձևաչափ, այնպիսի դաշտ, որտեղ համադրելի են կողմերի պարտավորությունները։ Չի կարող լինել իրավիճակ, երբ կողմերից մեկն առավելապաշտական դիրքորոշումներով փորձի ստանալ ամենը, իսկ մյուսը՝ ոչ, սա փակուղի է տանելու», - հավելեց նախարարը։ Հարցին, թե դատելով կողմերի հայտարարություններից՝ հիմա փակուղային իրավիճակ չկա՞, նախարարը բացասական պատասխան տվեց՝ հիմա փակուղի չկա։ «Համենայնդեպս այն, ինչ մեզ է վերաբերում, մենք որևէ փակուղի չենք տեսնում, մենք շարունակում ենք շատ հանգիստ և սառնասիրտ աշխատել, որովհետև սա աշխատանք է, որը պետք է արվի, սա վերաբերում է մեր անվտանգությանը, մեր տարածաշրջանի անվտանգությանը, խաղաղությունը հաստատելուն», - շեշտեց Մնացականյանը:
Ըստ Զոհրաբ Մնացականյանի, այս առումով զգացմունքային դաշտում աշխատելը լուրջ չէ և անպատասխանատու է։