Ազգային ժողովում Ստամբուլյան կոնվենցիայի շուրջ փակ քննարկում անցկացվեց Վենետիկի հանձնաժողովի անդամերի և պատգամավորների միջև: Հանդիպմանը ներկա էին մարդու իրավունքերի, պետաիրավական և արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահները, իշխանական և ընդդիմադիր այլ պատգամավորներ: Հանդիպման ավարտին խմբակցությունից Վլադիմիր Վարդանյանը («Իմ քայլը») փոխանցեց, որ սա հերթական աշխատանքային հանդիպում է, և Վենետիկի հանձնաժողովի կողմից որևէ ճնշում չկա խորհրդարանի վրա կոնվենցիան վավերացնելու առումով: Նա պարզաբանեց, որ կոնվենցիաների վավերացման համար նախատեսված ընթացակարգ կա․ նախ կառավարությունն է հաստատում, հետո Սահմանադրական դատարանն է քննում փաստաթղթի Սահմանադրությանը համապատասխանելության հարցը, ինչից հետո միայն վավերացվում է Ազգային ժողովի կողմից:
«Կոնվենցիայի նպատակը հետևյալն է․ հատկապես արևելյան հասարակություններում, հատկապես ավանդական հասարակություններում շատ հաճախ լինում էին դեպքեր, երբ կանանց դերակատարությունը հասարակությունում նվազեցվում էր: Եվ այդ նվազեցումը հանգեցնում է նրան, որ կանանց նկատմամբ բռնությունը էապես շատանում է: Ընդ որում, այն բռնության մասին է խոսվում, որը դատապարտելի է բոլոր հասարակություններում: Եվ կարիք կար որոշակի առումով անդրադառնալ այդ բռնության կանխարգելման համար համապատասխան գործիքներ ստեղծելուն: Կոնվենցիան չի պարտադրում և չի պարտադրելու որևիցե եղականով որևիցե պետությանը օրինականացնել մեկ սեռի ներկայացուցիչների ամուսնությունը, նրանց երեխա որդեգրելու հնարավորություն ընձեռելը, որևիցե եղանակով չի անդրադառնալու այն հարցերին, որոնք վերաբերվում են ոչ ավանդական սեռական քարոզչության տարածմանը: Եթե ավելի պրիմիտիվ լինենք, այն վերաբերում է հետևյալին՝ կնոջը չի կարելի ծեծել, կնոջ նկատմամբ չի կարելի բռնություն իրականացնել, բռնությունը պետք է ընտանիքում արգելված լինի», - պարզաբանեց իշխանական պատգամավորը: