Վարչապետի համար նոր ինքնաթիռի, մեքենայի ձեռքբերումը, առանձնատների վերանորոգումը չասեմ չտեսություն է, բայց այստեղ կա ինքնադրսևորման, ինքնահաստատման, սխալ պատկերացումների խնդիր՝ Tert.am-ին ասել է «Ազգ» օրաթերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանը:
«Հայաստանյան հիվանդություն է՝ մարդն արժևորվում է իր ունեցած պալատով, ավտոմեքենայով, հիմա` ինքնաթիռով, վաղը, մյուս օրը` «յախտա» առնելով: Այս ամբողջը մեր «քյասիբ» պետության համար շատ է»,- նշեց Հակոբ Ավետիքյանը: Նրա կարծիքով՝ ավելի նպատակային կլիներ մեքենայի, առանձնատների վերանորոգմանը տրամադրված և նոր ինքնաթիռի համար տրամադրվելիք գումարներն ուղղել սոցիալական, կրթական և բազմաթիվ այլ ոլորտներում տարբեր ծրագրերի իրականացմանը: «Այլ երկրներում ընդունված է, որ քաղաքացին ունի լավ մեքենա, իր մեքենան տրամադրում է ղեկավարներին: Այդպիսի բան կարելի է ինչ-որ մեկին առաջարկել: Մարդիկ սիրում են նման բաներ, ասում են՝ իմ մեքենան օգտագործում է վարչապետը կամ նախագահը: Այլ երկրներում սա ընդունված է: Իսկ Հայաստանում կան մարդիկ` այնպիսի մեքենաներ են բերում, որ զարմանում ես: Եթե շատ է անհրաժեշտ նոր մեքենան, ճարը կգտնվի՝ առանց պետբյուջեի վրա հավելյալ ծախսերի: Հազար ու մի ծակ ունենք, պետք է փակենք, ո՞նց ենք անելու»,- ասաց հրապարակախոսը: Հակոբ Ավետիքյանը՝ լրագրող և պատգամավոր Նիկոլ Փաշինյանի կողմից բարձրաստիճան պաշտոնյաների կատարած ծախսերի քննադատությունը և հետագայում վարչապետի պաշտոնում նույն քայլերին դիմելը պայմանավորում է «մարդկային թուլությամբ»: «Մենք՝ լրագրողներս քննադատող ենք, ինքն էլ է քննադատել, բայց խորքային, համոզված չի եղել, պարզապես կամ նախանձել է, կամ ճշմարիտ խոսք ասելու համար ասել է, բայց այլ բան է՝ թե կյանքում դու ինչպե՞ս ես վարվում այդ ամբողջի հետ»,- նշեց «Ազգ» օրաթերթի խմբագիրը:
Մամուլի հրապարակումների համաձայն՝ կառավարական ամառանոցների վերանորոգման համար պետբյուջեից հատկացվել է 2 մլն դոլար, վարչապետը նոր մեքենա է գնել 540 հազար դոլար արժողությամբ: Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը նախօրեին լրագրողների հետ զրույցում թվեր չէր նշել՝ հղում կատարելով ներկայացուցչական ծախսերի գաղտնիությանը, բայց չէր հերքել այս հրապարակումները: Վարչապետի աշխատակազմի ղեկավարը նաև նման հայտարարություն էր արել. «Վարչապետն ինքն իր համար ոչ մի բան չի գնել: Դրանք պետական գնումներ են, պետության կարիքների համար են»:
«Սպասում էի, որ հենց նմանատիպ առարկություն կանեն՝ ասելով, որ սա իր սեփականությունը չէ, այլ՝ պետական է: Մյուս կողմից, եթե վերցնենք «Իմ քայլի» հավակնոտ հայտարարությունները մինչև 2050 -ի հետ կապված, դա արդեն տևական ժամանակ է: Այնպես որ, ո՞վ է օգտագործելու: Չեմ ասում՝ ինչ կպատահի հետո, բայց հավակնություններն այսպիսին են: Այդպես էլ ասելու են՝ սա սեփական չէ, պետությանն է, իմ հաջորդները կօգտագործեն, բայց հաջորդ ... այստեղ մեծ հարցականներ են գալիս»,- ասաց Հակոբ Ավետիքյանը:
Հոկտեմբերի 30-ին վարչապետի աշխատակազմի ղեկավարը հայտարարել էր նաև, որ քննարկվում է վարչապետին սպասարկելու համար նոր ինքնաթիռի գնման տարբերակը: Նոր օդանավի ձեռքբերման անհրաժեշտությունը, ըստ Էդուարդ Աղաջանյանի, 2 պատճառով է. նախ, որ վարչապետին սպասարկող օդանավը բավականին հին է, չի կարողանում հատել օվկիանոսը: Թեև մամուլը գրում է, որ նոր ինքնաթիռի ձեռք բերման համար պետական բյուջեից 55 մլն դոլար է հատկացվելու, բայց Հակոբ Ավետիքյանի համոզմամբ՝ տրանսատլանտյան թռիչքներ իրականացնող օդանավ հնարավոր չէ գնել այդ գումարով: Ըստ նրա՝ նմանատիպ ինքնաթիռներն արժեն մինչև 175 մլն դոլար՝ կախված կահավորանքից:
«Բացի դրանից, որ ինքնաթիռը շատ-շատ թանկ է, մեծ ծախս է նաև դրա պահպանումը, սպասարկումը: Երկրորդ՝ առնվազն 2 անձնակազմ է պետք, որի թրեյնինգը նույնպես աստղաբաշխական գումարներ են: Մենք օդաչուներ չունենք, որ օվկիանոսը հատող թռիչքներ են կատարում: Կարծում եմ, որ սա անհրաժեշտ չէ, հատկապես եթե հաշվի առնենք, թե քանի անգամ պետք է վարչապետը հատի օվկիանոսը: Այսպիսի ինքնաթիռ ունենալը, պահելը պարզապես «լյուքս» է մեզ համար»,- նշեց Հակոբ Ավետիքյանը: