Հայրենադարձությունն ամբոխահաճո հայտարարություններով չի լինում. Սփյուռքն այսօր հուսախաբված է ՀՀ իշխանություններից՝ Tert.am-ին ասել է ՀՅԴ Լիբանանի կենտրոնական կոմիտեի անդամ Մելիք Գարագավորյանը:
«2018 թ. խորհրդարանական արտահերթ ընտրություններից առաջ իշխանությունները շատ էին խոսում հայրենադարձության մասին, խոսվեց Սփյուռք-Հայաստան հարաբերություններին նոր թափ հաղորդելու մասին, բայց իրականում փակեցին Սփյուռքի նախարարությունը: Այնպես որ, հայրենադարձությունը ամբոխահաճո հայտարարություններով չեն անում: Իշխանափոխության սկզբում Սփյուռքը շատ ոգևորված էր, սակայն այսօր Սփյուռքը հուսախաբված է»,- նշեց Գարագավորյանը: Նա ընդգծեց՝ Հայաստանում պետք է քաղաքական կայունություն հաստատվի, որ Սփյուռքն իր կապիտալը տեղափոխի Հայաստան։
«Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականությունը, քաղաքական նպատակներով ձերբակալությունները, քաղաքական հետապնդումները բնավ չեն նպաստում արտաքին ներդրումների, տնտեսական զարգացման: Հայաստանն այսօր ցնցումից ցնցում է ապրում»,– ասաց նա: