Մեր կուսակցության ստեղծումն արդեն մեկ տարի է տևում, արդեն ներկայացրել ենք մեր տեսլականն ու սկզբունքները և կոչ ենք արել մեր համակիրներին՝ միանալ մեր գաղափարախոսության շուրջ՝ «Ազգային օրակարգ» կուսակցության հիմնադիր համագումարում լրագրողների հետ զրույցում ասաց կուսակցության հիմնադիր հանձնախմբի անդամ Ավետիք Չալաբյանը: «Մենք ստեղծում ենք ազգային, աջակենտրոն կուսակցություն»,- հայտարարեց նա:
Հարցին՝ ընդդիմադիր, թե իշխանական դաշտում են գործելու, Չալաբյանն ասաց, որ ամեն կուսակցություն, կախված նրանից, թե ընտրողներն իրեն ինչ քվե են տալիս, ինչ-որ պահի կարող է լինել ընդդիմություն, ինչ-որ պահի էլ կարող է լինել իշխող կոալիցիայի մաս կամ կոալիցիայի ղեկավար ուժ: «Այս պահին մենք, բնականաբար, արտախորհրդարանական կուսակցություն ենք ստեղծում և դիրքավորվում ենք որպես ընդդիմություն եղած իշխանությանը: Սակայն դա չի նշանակում, թե հաջորդ խորհրդարանական ընտրություններից հետո պատրաստվում ենք ընդդիմադիր լինել: Դա կախված է նրանից, թե ընտրողը մեզ ինչ քվե կտա: Մեր նպատակը չէ դառնալ ընդդիմություն, մեր նպատակն է գալ իշխանության և որպես այդպիսին իրականացնել մեր քաղաքական ծրագրերը»,- ասաց նա: Ավետիք Չալաբյանը նշեց, որ չեն սպասելու, որ դառնան իշխանություն, այլ իրենց ծրագիրը սկսելու են իրականացնել՝ լինելով նաև ընդդիմություն:
Թե առաջիկա ընտրություններին ինչ ձևաչափով կմասնակցեն, Չալաբյանն ասաց, որ ընտրություններին դեռ 4 տարուց ավելի ժամանակ կա: «Կանխատեսում էլ չենք ուզում անել, որ արտահերթ ընտրություններ կլինեն, երբ ընտրությունների ժամանակը կգա, կորոշենք՝ ինչ ձևաչափով ենք մասնակցելու»,- ասաց նա:
Չալաբյանը նաև նշեց, որ թե նախկին իշխանությունից և թե ներկայից իրենց կուսակցությունը նույն հեռավորության վրա է: «Քանի որ մենք աջակենտրոն կուսակցություն ենք, կարող ենք համագործակցել այն կուսակցությունների հետ, որոնք ևս կենտրոնամետ դիրքորոշում և հստակ ազգային ուղղվածություն ունեն»,- ասաց նա: