«Թուրքիան չի ցանկանում հոգ տանել «Իսլամական պետություն» խմբավորման ահաբեկիչների և նրանց ընտանիքների անդամների մասին, որոնց արևմտյան պետությունները զրկել են քաղաքացիությունից», - Անկարայում հայտարարել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն: Նա մեկնաբանել է վերջին շրջանում արձանագրվող դեպքերը, երբ Սիրիայում սպանված ահաբեկիչների՝ եվրոպական պետությունների անձնագիր ունեցող կանայք չեն կարողանում վերադառնալ հայրենիք, քանի որ այդ երկրները նրանց զրկել են քաղաքացիությունից:
«Թուրքիան ահաբեկիչների հյուրանոցի մի վերածեք»,- ասել է նա։ Hurriyet-ի տեղեկություններով՝ օրերս նման դեպք է արձանագրվել նիդերլանդական անձնագիր ունեցող երկու կանանց հետ, որ փորձել են Անկարայում այդ երկրի դեսպանատան միջոցով վերադառնալ հայրենիք: «Նույնն են անում նաև բրիտանացիները: Դրա հետևանքով այդ մարդիկ վերածվում են առանց քաղաքացիության անձանց: Մեզ համար անընդունելի է, երբ եվրոպացիներն ասում են. «Մենք զրկել ենք նրանց քաղաքացիությունից, դուք պետք է հոգ տանեք նրանց մասին»», - նշել է Թուրքիայի ներքին գործերի նախարարը: