ԼՂ կարգավորման հարցում հստակ ձևակերպված և ընդունելի որոշումը կարող է ընդունվել հանրաքվեի միջոցով՝ գտնում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Իմ խնդիրն է՝ բանակցային սեղանի շուրջ փնտրել և գտնել Հայաստանի, հայ ժողովրդի համար ընդունելի լուծում: Եվ երբ բանակցային գործընթացում կձևակերպվի այնպիսի լուծում, այնպիսի առաջարկ, որն ընդունելի կլինի առաջին հերթին հայ ժողովրդի համար, կներկայացնեմ, կլինի համազգային քննարկում, որոշումները կկայացվեն համազգային ֆորմատով, եթե անհրաժեշտ լինի հանրաքվեի միջոցով», - ասաց Փաշինյանը ֆեյսբուքի ուղիղ եթերում: Նա ընդգծեց, որ ԼՂ կարգավորման հարցում բացառվում են դավադրությունները։ Փաշինյանը նշեց նաև, որ հայ-ադրբեջանական հարաբերություններում իրավիճակը միշտ էլ վտանգներ է պարունակում։
«Սակայն դրանք ավելին չեն, քան եղել են 3, 4 կամ 5 տարի առաջ: Նախորդ 1,5 տարում լարվածության կտրուկ նվազում կա, սակայն դա չի նշանակում, որ լարվածություն չկա: Ցավոք սրտի, մենք ունենք նաև զոհեր», - ասաց Փաշինյանը: Վարչապետը նաև նշեց, որ Հայաստանի և Արցախի մոտեցումները ԼՂ կարգավորման հարցում նույնական են: