Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը շնորհակալություն է հայտնել ԽՍՀՄ առաջին և վերջին նախագահ Միխայիլ Գորբաչովին 1990-ին Գերմանիայի վերամիավորմանը նպաստելու համար: «Գերմանիայի խաղաղ վերամիավորումը և Եվրոպայում պառակտման վերջը հնարավոր չէին լինի առանց խիզախ և մարդասիրական որոշումների, որոնք Դուք անձամբ եք ընդունել այն տարիներին», - ասվում է Գորբաչովին հասցեագրված Շտայնմայերի նամակում, որն այսօր է հրապարակվել: Նախօրեին BBC-ին հարցազրույցում Գորբաչովն ասել է, թե իր սկզբունքն էր այն տարիներին ամեն կերպ խուսափել հնարավոր արյունահեղությունից: «Մենք չէինք կարող թույլ տալ, որ արյունահեղությունը կրկնվի, և որոշեցինք չմիջամտել», - ասել է Գորբաչովը Գերմանիայի վերամիավորման մասին:
Շտայնմայերն իր նամակում ափսոսանք է հայտնել Ռուսաստանի և Գերմանիայի, Ռուսաստանի և Եվրոպայի հարաբերությունների ներկայիս անմխիթարական վիճակի կապակցությամբ: «Մենք չպետք է հաշտվենք մեր միջև վերջին տարիներին առաջացած օտարացման հետ», - գրել է Շտայնմայերը: