ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովը Երևանում կայացած նիստում ընդունել է առաջարկություններ կազմակերպության անդամ երկրների համար՝ օտարերկրյա պետություններից հասարակական-քաղաքական իրավիճակի ապակայունացմանը հակազդելու վերաբերյալ: Նախագիծը պարունակում է առաջարկներ՝ «գունավոր հեղափոխությունների» տեխնոլոգիայի դեմ պայքարում օրենսդրությունը ներդաշնակեցնելու վերաբերյալ: Ժամանակակից իրավիճակը բնութագրվում է ազգային իշխանությունների գործառույթները փոխարինելու, միջազգային կառույցների կողմից կառավարելու և զանգվածային գիտակցության վրա կործանարար տեղեկատվական ազդեցություն ապահովելու փորձերով:
Առաջարկություններում նշված է, որ արտաքին ուժերը ոչ միայն ֆինանսավորում են անկայունություն ստեղծողներին, այլև իրենք են օգտագործում «փափուկ ուժի» գործիքակազմ, փորձում են կառավարությունների վրա ազդել կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների միջոցով: Հայաստանի խորհրդարանը հայտարարել է, որ այդ առաջարկությունները չեն կարող կիրառվել երկրի օրենսդրությունում: ՀԱՊԿ ԽՎ-ին ուղղված նամակում Հայաստանի խորհրդարանը նշել է. «Նախագծի մանրակրկիտ ուսումնասիրությունից և քննարկումից հետո մենք հանգեցինք այն եզրակացության, որ այդ առաջարկությունները չեն կարող կիրառվել Հայաստանի Հանրապետության օրենսդրության մեջ»,-հայտնում է «Ինտերֆաքս»-ը: