ԵՄ-ն կշարունակի ամբողջ ծավալով կատարել Կլիմայի վերաբերյալ Փարիզի համաձայնագիրը, նույնիսկ եթե ԱՄՆ-ը, որն աշխարհում ջերմոցային գազերի խոշորագույն արտադրողն է, դուրս գա՝ հայտարարել է Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Մինա Անդրեևան նոյեմբերի 5-ին Բրյուսելում:
«Փարիզի համաձայնագիրը գլոբալ համաձայնագիր է, որն անհրաժեշտ է կլիմայի գլոբալ տաքացմանը հակազդելու համար: Ամբողջ աշխարհը և ԵՄ-ն պետք է շարունակեն աշխատել այդ ուղղությամբ, նույնիսկ եթե ջերմոցային գազերի աշխարհում խոշորագույն արտադրողը դուրս գա այդ համաձայնագրից»,- հայտարարել է նա։ Անդրեևան հրաժարվել է պատասխանել հարցին, թե ԵՄ-ն մտադիր է ԱՄՆ-ի դեմ պատժամիջոցներ կիրառել: «ԱՄՆ-ի դուրս գալու դեպքում մենք ինտենսիվ աշխատելու ենք նրան վերադարձնել այս համաձայնագիր»,-հայտարարել է նա: ԱՄՆ-ը նոյեմբերի 4-ին սկսել է Կլիմայի փարիզյան համաձայնագրին իր մասնակցության դադարեցման պաշտոնական գործընթացը՝ Twitter-ում գրել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմպեոն: «ԱՄՆ-ը հպարտ է, որ աշխարհի առաջատարն է մթնոլորտ ցանկացած արտանետումների կրճատման ցուցանիշով»,- նշել է նա: