ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ու Հունաստանի Հանրապետության նախագահ Պրոկոպիոս Պավլոպուլոսը քննարկել են երկու երկրների միջև համագործակցության խորացման հնարավորությունները՝ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:
«Ուրախ եմ ձեզ տեսնել Երևանում, և հույս ունեմ, որ կտեսնեմ ապագայում կրկին, ոչ միայն պաշտոնական, այլև աշխատանքային այցերով: Մեր հանդիպումն այսօր անցավ շատ ջերմ, բարեկամական մթնոլորտում, երկու բազմադարյա բարեկամ ժողովուրդների և նաև երկու շատ գործնական և իրենց պետությանը ծառայող մարդկանց աշխատանքային մթնոլորտում: Շատ բովանդակալից քննարկումներ ունեցանք լայն շրջանակով խնդիրների վերաբերյալ: Պայմանավորվեցինք, որ պետք է ջանքեր ներդնենք, որ հայկական և հունական մեծ սփյուռքները, որոնք տարածված են ամբողջ աշխարհով, համագործակցեն և ծառայեն մեր երկու պետությունների և ազգերի շահերին»,- ասաց նախագահը:
Արմեն Սարգսյանը նշեց, որ զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև երկու երկրների պատմությանը: «Չէինք կարող չխոսել մեր պատմության մասին: Երկու ժողովուրդներ, որոնք ոչ միայն ընդհանուր պատմություն, ընդհանուր մշակույթ ունեն, նաև ընդհանուր մոտեցումներ ունեն: Մեր բարեկամությունը հազարամյակների պատմություն ունի: Մոտ 100 տարի առաջ հայերն անցել են Մեծ եղեռնի օրհասական ճանապարհով, Պոնտոսի հույները ևս նմանատիպ ցեղասպանության ճանապարհ են անցել, և երկու ազգերը վերականգնել են իրենց, որպես փոքր, բայց գլոբալ պետություններ»,- նշեց Սարգսյանը: