ՀՀ-ՌԴ առևտրաշրջանառությունը նախորդ տարվա համեմատ աճել է 10 տոկոսով, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասաց ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:
«ՌԴ-ն ՀՀ թիվ մեկ տնտեսական գործընկերն է, ընդ որում երկկողմ առևտրաշրջանառությունը աճող դինամիկա ունի՝ նախորդ տարվա համեմատ մոտ 10 տոկոսով», - ասաց ԱԳ նախարարը: Մնացականյանն նշեց, որ ՀՀ-ՌԴ օրակարգում ՌԴ գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ կարևորել են Ռուսաստանի հետ համագործակցությունը ընդհանուր հարթակների՝ ԵԱՏՄ, ՀԱՊԿ, ԱՊՀ շրջանակներում: «Մեզ համար առանցքային է ԵԱՏՄ շուկայի հետագա ազատականացումը: ԵԱՏՄ միջազգային կապերի ընդլայնումը Սինգապուրի, Սերբիայի, Իրանի, Չինաստանի և այլ երկրների հետ՝ նոր որակի համագործակցության միջոցով», - հավելեց Մնացականյանը: Նա ընդգծեց, որ հայ-ռուսական հարաբերությունները զարգանում են բոլոր ուղղություններով, ՀՀ-ն ու ՌԴ-ն ակտիվ շարունակում են համագործակցել տարբեր միջազգային հարթակներում: