Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկուշաբթի երեկոյան տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ աշխատանքային այցով ժամանել է Ֆրանսիա՝ մասնակցելու Փարիզի խաղաղության երկրորդ համաժողովին և ՅՈՒՆԵՍԿՕ-ի 40-րդ Գլխավոր կոնֆերանսին։ Ելիսեյան պալատում նա մասնակցել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի անունից ի պատիվ Փարիզի խաղաղության երկրորդ համաժողովի մասնակից պետությունների և կառավարությունների ղեկավարների պաշտոնական ընդունելությանը։ Ելիսեյան պալատում Հայաստանի վարչապետին դիմավորել է Ֆրանսիայի նախագահը: Ընդունելությանը մասնակցել են նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության նախագահ Ֆելիքս Թշիսեկեդին, Չինաստանի փոխնախագահ Վանգ Քիշանը, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոն, ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեն և այլք։
Այսօր վարչապետը կմասնակցի Փարիզի խաղաղության երկրորդ համաժողովի բացմանը և թեմատիկ քննարկմանը, որի ընթացքում հանդես կգա ելույթով։ Փարիզում վարչապետը կհանդիպի Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյի հետ։
Նախատեսվում է Հայաստանի վարչապետի և նրա տիկնոջ այցը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայան, և նրանց մասնակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի 40-րդ Գլխավոր կոնֆերանսի աշխատանքներին։ Կոնֆերանսի թեմատիկ քննարկման շրջանակում Նիկոլ Փաշինյանը հանդես կգա ելույթով։ ՀՀ վարչապետը նաև հանդիպում կունենա ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր քարտուղար Օդրի Ազուլեի հետ և հարցազրույց կտա ՅՈՒՆԵՍԿՕ-ի մամուլի ծառայությանը։
Այցի շրջանակում վարչապետը և նրա տիկինը հանդիպում կունենան Ֆրանսիայի հայ համայնքի հոգևոր և աշխարհիկ կառույցների ղեկավարների հետ։ Ի պատիվ Նիկոլ Փաշինյանի և Աննա Հակոբյանի կտրվի պաշտոնական ընդունելություն, որի շրջանակում նախատեսվում է վարչապետի ելույթը։