Մեքսիկայի իշխանությունները որոշել են քաղաքական ապաստան տրամադրել Բոլիվիայի նախկին նախագահ Էվո Մորալեսին: Որոշումն ընդունվել է՝ հաշվի առնելով Մորալեսի կյանքին սպառնացող վտանգը՝ հայտարարել է Մեքսիկայի ԱԳ նախարար Մարսելո Էբրարդը:
«Մեքսիկայի ԱԳՆ-ն որոշել է քաղաքական ապաստան տրամադրել պարոն Էվո Մորալեսին՝ ելնելով մարդասիրական նկատառումներից: Հենց նոր ինձ զանգահարել էր նախագահ Էվո Մորալեսը, որ ընդունի մեր առաջարկը: Նա պաշտոնապես քաղաքական ապաստան է խնդրել մեզնից»,- նշել է նախարարը մամուլի ասուլիսի ժամանակ: Մեքսիկայի ԱԳ նախարարի կարծիքով՝ Բոլիվիայում «Մորալեսի կյանքն ու առողջությունը վտանգի տակ են»: «Մենք արդեն կապվել ենք Բոլիվիայի ԱԳՆ-ի հետ, որ միջազգային նորմերի համաձայն երաշխավորվի Մորալեսի անվտանգ տեղափոխությունը»,- հավելել է Էբրարդը: Մորալեսն արդեն մեկնել է Մեքսիկա: «Ինձ համար ծանր է լքել երկիրը քաղաքական դրդապատճառներով... Շուտով ես կվերադառնամ ավելի շատ ուժով ու էներգիայով»,- գրել է նա Twitter-ում: