Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

Արսեն Բաբայանն ազատ է արձակվել

Արսեն Բաբայանն ազատ է արձակվել
12.11.2019 | 19:54

Իշխանության յուրացմանն օժանդակելու և պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ մեղադրվող Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը, 22 օր ճաղերի հետևում լինելուց հետո, այսօր ազատ է արձակվել։ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից դուրս գալով՝ Բաբայանը չխոսեց իր դեմ հարուցված քրեական գործի մասին։ Բաբայանին ազատ արձակելու որոշում կայացրել է դատախազությունը՝ հիմք ընդունելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի և իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի երաշխավորությունները։
Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը այսօր ավելի վաղ ֆեյսբուքում հայտնել էր, որ վարույթն իրականացնող մարմնին դատախազը հանձնարարել էր սեղմ ժամկետում կատարել Բաբայանին առնչվող քննչական և այլ դատավարական գործողությունները։ Նախաքննության այս փուլում արդեն կատարվել են Բաբայանի մասնակցությամբ քննչական գործողությունների հիմնական մասը, հետևաբար նվազել է նրա կողմից գործի քննությանը խոչընդոտելու վտանգը՝ ազատության մեջ գտնվելու դեպքում։
Ավետիք Իշխանյանը և Սիսակ Գաբրիելյանը նաև որպես երաշխիք՝ գումար են ներկայացրել 500 հազարական դրամ։


Գաբրիելյանն ասում է, որ Բաբայանին ազատ արձակելու վերաբերյալ երաշխավորագիրը տալու որոշումը միայնակ չի կայացրել, խորհրդակցել է իր խմբակցության հետ․ «Չեմ ասի տևական ժամանակ, բայց ունեցել ենք քննարկումներ այս հարցի վերաբերյալ: Ես ներկայացրել եմ իմ դիրքորոշումները, խմբակցության տարբեր անդամներ ներկայացրել են իրենց դիրքորոշումը, և եկել ենք եզրակացության, որ նախաքննության այս փուլում կարելի է խափանման միջոցը փոխարինել անձնական երաշխավորությամբ: Եվ ես այսօր առավոտյան տվել եմ անձնական երաշխավորություն Գլխավոր դատախազին: Այնտեղ տեղեկացա, որ նաև Ավետիք Իշխանյանն է նման երաշխավորություն ներկայացնելու: Կարծես թե ինձնից հետո ինքն է այցելել և տվել իր երաշխավորությունը: Քիչ առաջ էլ տեղեկացա, որ ազատ է արձակվել: Ուրախ եմ այդ փաստի առնչությամբ»:


Բաբայանին առնչվող քրեական գործը հարուցվել էր պատգամավոր Արման Բաբաջանյանի հաղորդման հիման վրա: Պատգամավորը պնդում է, որ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը յուրացրել է պաշտոնը՝ հանցավոր սխեմաներ կիրառելով, որի ճանապարհը հարթել է նաև Արսեն Բաբայանը՝ թույլ տալով պաշտոնեական կեղծիքներ։

Դիտվել է՝ 510

Մեկնաբանություններ