Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ներկա փուլում կողմերը չեն բանակցում որևէ կոնկրետ փաստաթղթի շուրջ՝ ասել է ԱԳՆ մամլո խոսնակ Աննա Նաղդալյանը:
«Ազատությունը» հարց էր ուղղել Նաղդալյանին, որ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը իր վերջին հայտարարությունում խաղաղ գործընթացի վերաբերյալ որոշակի օպտիմիզմ է արտահայտել, սեպտեմբերին նյույորքյան հանդիպումից հետո հիասթափություն էր հայտնել, ի՞նչ է փոխվել: Ադրբեջանի ԱԳ նախարարը նշել է նաև քննարկվող փաստաթղթերի մասին: «Ազատությունը» հարցրել է՝ ի՞նչ փաստաթղթերի մասին է խոսքը:
«Չէի ցանկանա մեկնաբանել Ադրբեջանի ԱԳ նախարարի ոգևորությունը, հիասթափությունը կամ օպտիմիզմը խաղաղ գործընթացի վերաբերյալ: Կարող եմ ասել միայն, որ խաղաղ գործընթացն ընթանում է առանց վայրիվերումների: Ցանկանում եմ վերահաստատել, որ այս պահին կողմերը չեն բանակցում որևէ կոնկրետ փաստաթուղթ», - պատասխանեց Աննա Նաղդալյանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ երեկ կայացած բանակցություններից հետո Սերգեյ Լավրովը, ով թավշյա հեղափոխությունից հետո առաջին անգամ էր ժամանել Հայաստան, հանդես եկավ ուշագրավ հայտարարությամբ՝ բոլորի համար հասկանալի է, որ առանց Լեռնային Ղարաբաղի ժողովորդի համաձայնության որնէ պայմանավորվածություն հնարավոր չի լինի ձևակերպել, Հայաստանը պարզապես չի ստորագրի:
Լավրովի երևանյան հայտարարությունից կարճ ժամանակ անց՝ նույն օրը, ղարաբաղյան բանակցությունների մասին խոսեց Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը: «Ընդհանուր առմամբ, կարող եմ ասել, որ բանակցություններում որոշակի առաջընթաց կա, սակայն այն ավելի շատ խոսքերի մակարդակում է: Մենք կցանկանայինք քննարկել կոնկրետ հարցեր:
Կողմերը պայմանավորվածություն ունեն կոնկրետ բանակցություններ անցնելու մասին: Հույս ունեմ, որ դեկտեմբերի սկզբին Բրատիսլավայում մենք կհստակեցնենք այդ հարցը: Այդ ժամանակ էլ պարզ կդառնա՝ պատրա՞ստ է Հայաստանը ըստ էության բանակցել, թե՞ ոչ: Քանզի փաստաթղթերն արդեն սեղանին են», - ադրբեջանական Report լրատվամիջոցի հետ զրույցում ասել է Մամեդյարովը: