Ֆրանսիայում վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցում է Փարիզի խաղաղության երկրորդ համաժողովին, որին ներկա են նաև մի շարք պետությունների և կառավարությունների ղեկավարներ: Համաժողովի բացմանը ելույթով հանդես են եկել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Չինաստանի փոխնախագահ Վանգ Քիշանը, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության նախագահ Ֆելիքս Թշիսեկեդին, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը:
Նիկոլ Փաշինյանը Փարիզի խաղաղության համաժողովի շրջանակում համաժողովի գրադարանին է հանձնել խորհրդանշական նվեր` Հայկ Դեմոյանի «Le Sport» գիրքը, որը պատմում է Օսմանյան կայսրությունում հայկական սպորտի և մարզական ակումբների մասին: Անդրադառնալով գրքին` Փաշինյանը նշել է, որ հրաշալի պատմական լուսանկարների միջոցով պատմում է 1915-ի ցեղասպանությունից առաջ Օսմանյան կայսրությունում հայերի մարզական ակումբների և մարզական նվաճումների մասին: Գրքում կարելի է տեսնել հայ մարզիկների լուսանկարներ` տղամարդիկ և կանայք, ովքեր զբաղվում էին սպորտով, գովազդներ, որոնք կանանց խրախուսում էին վարժանքներ անել և սպորտով զբաղվել: Եվ դա տեղի է ունեցել ավելի քան 100 տարի առաջ Օսմանյան կայսրությունում, մի հասարակության մեջ, որը ավելի քան պահպանողական էր կանանց սոցիալական և ֆիզիկական գործունեության հարցում: Ի հեճուկս այդ ամենի, հայերը հիմնել են մարզական ակումբներ, որոնք նպաստում էին քրիստոնյաների և գերիշխող մահմեդական համայնքների միջև խաղաղությանն ու խաղաղ գոյակցությանը:
Վարչապետն այցելել է համաժողովի շրջանակում բացված IDEA հիմնադրամի տաղավար, որտեղ ծանոթացել է ներկայացված ցուցանմուշներին` հիմնադրամի գործունեությանը, այդ թվում` «Ավրորա» մարդասիրական մրցանակաբաշխության մասին պատմող նյութերին: Տաղավարում ներկա էր նաև «Ավրորա»-ի մրցանակակիր, բժիշկ Թոմ Քաթինան: