Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

Անդրանիկ Թևանյան. Ապրում ենք քաղաքական ու տնտեսական ականապատված դաշտում, որտեղ կան մեծ ու փոքր ցնցումներ

Անդրանիկ Թևանյան. Ապրում ենք քաղաքական ու տնտեսական ականապատված դաշտում, որտեղ կան մեծ ու փոքր ցնցումներ
15.11.2019 | 19:46

Մեզ հիմա հավաքական «մենք»-ի լիարժեք հաղթանակ է պետք նաև ներքին կյանքում՝ «Վերնատուն» ակումբի համաժողովում հայտարարեց «Պոլիտէկոնոմիա» ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Թևանյանը: «Շատերին թվում էր, թե այդ «մենք»-ը հաղթել է 2018-ի գարնանը, սակայն կյանքը ցույց տվեց, որ դու քո ես-ը և ամբոխի վերածված մենք-ը ինքնակամ հանձնում ես պատահական մարդու ու ստանում ես ընդամենը էժանագին սերիալ: Մենք ապրում ենք քաղաքական ու տնտեսական ականապատված դաշտում, այդ ականները պարբերաբար պայթում են` մեծ ու փոքր ցնցումներ առաջացնելով», - ասաց Անդրանիկ Թևանյանը: Նրա խոսքով` Հայաստանում կան մի շարք ճգնաժամեր՝ սեփականության լեգիտիմության, քաղաքական լեգիտիմության, մասնակցային և կոմպետենտության:
«Հայաստանի ու Արցախի հանրապետությունները բազմաթիվ արտաքին ու ներքին մարտահրավերների առջև են կանգնած, իշխանությունների որակը, մեղմ ասած, համարժեք չէ այդ մարտահրավերների բնույթին», - հայտարարեց Թևանյանը:


Տնտեսական հարաբերությունները 28 տարում անցել են մի քանի փուլ ու այժմ դեմ առել տնտեսական հեղափոխության լոզունգային պատին: Իշխանությունը չի անում այն, ինչ խոստացել էր անել, և անում է այն, ինչը խոստացել էր վերացնել՝ հայտարարեց Անդրանիկ Թևանյանը: «Խոստացված տնտեսական հեղափոխության շոշափելի արդյունքները հետաձգվել են մինչև 2050-ը, 31 տարվա հեռավորությունից կարելի է խուսափել ներկայի պատասխանատվությունից ու հաշվետվության պարտավորությունից։ Խոստացվել է 15 անգամ մեծացնել ՀՆԱ–ն՝ 2050–ին, իհարկե։ Եվ դա այն դեպքում, երբ այս տարվա տնտեսական ակտիվության ցուցանիշը համահունչ չէ թիրախային այդ թվին, նախորդ տարվանն էլ, հաջորդ տարվանն էլ: Ընթացիկ տնտեսական շարժը հիմնականում ապահովվում է ծառայությունների, ավելի կոնկրետ՝ շահումով խաղերի, հայտնի պատճառներով դրսից ներմուծվող ավտոմեքենաների վերավաճառքի միջոցով։ Իսկ դա նշանակում է, որ հաջորդ տարի վտանգի տակ է ինչպես բյուջետային մուտքերի ապահովման հարցը, այնպես էլ համեստորեն պլանավորած 4,9 տոկոսանոց տնտեսական աճը։ Եթե նույնիսկ ամեն ինչ ըստ պլանի լինի, միևնույն է 2050–ի դրախտային ցուցանիշներին հասնելու համար 2020–ը պաշտոնապես կորած է հայտարարվել», - ասաց Անդրանիկ Թևանյանը: Տնտեսական հեղափոխության բովանդակային կողմի բացակայությունը, նրա խոսքով, ծնել է իր հերոսներին։ «Ըստ ամենավերևից եկող մեսիջների՝ այդ հերոսներն են ՀԴՄ կտրոն պահանջող, ոչխար պահող և մոշ հավաքող հպարտ քաղաքացիները։ Ամեն ամիս մեծ ցնծությամբ հայտարարվում է, թե որքան ՀԴՄ կտրոն է տպվել։ ՀԴՄ–ներ պահանջելը Ստախանովյան շարժման պես է ներկայացվում։ Սա, ի դեպ, առանց կատակի։ Այլ մեսիջ իշխանությունը տնտեսական քաղաքականության առումով չի տվել։ Ինչ էլ որ տվել է, հակառակ պատկերն է ապահովել», - հայտարարեց Անդրանիկ Թևանյանը:

Դիտվել է՝ 575

Մեկնաբանություններ