ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ իրականացվում է կոպիտ քաղաքական հետապնդում, նա գտնվում է ապօրինի կալանքի տակ՝ քաղբանտարկյալի կարգավիճակում՝ «Վերնատուն» համաժողովում ասաց երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը։
«Պետք է արձանագրել երեք կարևորագույն երևույթ ձևավորվեց այս մեկուկես տարում։ Երեք առասպել ջարդուփշուր եղավ։ Առաջին, Ռոբերտ Քոչարյանը ոչ մի կապ չունի մարդասպանությունների հետ։ Պետք է հասկանանք, որ մենք գործ ունենք բացառիկ դերակատարություն ունեցած մարդու հետ։ Երկրորդ, 2008-ի մարտի 1-ին սահմանադրական կարգի տապալում տեղի չի ունեցել։ Դա բացարձակ կեղծիք է։ Չկա որևէ ցուցմունք՝ տրված Ռոբերտ Քոչարյանի դեմ։ Երրորդ, այս անկյունաքարային գործը ցույց տվեց, որ Հայաստանում կա շատ ուժեղ քաղհասարակություն, կա քաղաքական դաշտի առողջ զանգված, որը պատրաստ է պայքարել ընդդեմ քաղաքական հետապնդումների», - ասաց նա։ Վիկտոր Սողոմոնյանը վստահ չէ, որ իշխանությունն ունակ է շտկել իրավիճակը։ Այնուամենայնիվ, նրա խոսքով, իշխանությունները պետք է անհապաղ դադարեցնեն մի շարք անձանց, այդ թվում՝ ՀՀ երկրորդ նախագահի դեմ քաղաքական հետապնդումները, վերջ դնեն զանգովի արդարադատությանը, գործընթացները վերադարձնեն արդարադատության դաշտ, դադարեցնեն Մարտի 1-ի գործի խեղաթյուրումը։