Գարնան ամիսներին ԱԺՄ կուսակցության համագումար կանենք, կնշանակի, որ մտել ենք քաղաքական դաշտ, լրագրողներին ասաց ԱԺՄ կուսակցության նախագահ Վազգեն Մանուկյանը:
«ԱԺՄ կուսակցությունը անպայման վերականգնելու եմ: Նախատեսում եմ, երևի, գարնանը համագումար կանենք, և դա կնշանակի, որ արդեն մտել եմ քաղաքական դաշտ», - ասաց Մանուկյանը: Անդրադառնալով դիտարկումներին, թե ինքը հանդիպում է տարբեր քաղաքական գործիչների հետ, այդ թվում հանդիպել է ՀՀ երկրորդ նախագահի հետ, Մանուկյանն ասաց, որ ինքը հանդիպում է բոլորի հետ: «Ես Նիկոլ Փաշինյանին էլ կհանդիպեմ, եթե ինքն ուզի: Մեջներիցդ հանեք, որ կա չար դաշտ ու վախենաք այդ դաշտին մոտենալ: Բոլոր այդ մարդկանց մեջ կա սպիտակ և սև, բոլոր այդ մարդիկ արել են հերոսություններ և բազմաթիվ սխալներ», - ասաց նա: Վազգեն Մանուկյանը լրագրողների հետ զրուցում հերքեց Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի հովանավորյալը լինելու լուրերը՝ նշելով, որ Մինասյանի հետ վաղուց չի շփվել, նրան հետևում է մամուլով: «Ես իրեն քանի տարի է ոչ հանդիպել եմ, ոչ հեռախոսով խոսել եմ։ Հետևում եմ իր ասածներին ֆեյսբուքում կամ մամուլում, ոչ ավելին», - ասաց Մանուկյանը: