Այսօր նպատակահարմար չգտանք երթ իրականացնելու: Նստացույցը շարունակում ենք՝ լրագրողներին ասաց ՀՅԴ ՀԵՄ կենտրոնական վարչության անդամ Գոռ Սարգսյանը: «Ընկերները հոգնել են, բայց կան մարդիկ, ովքեր գալիս են, աջակցում են նստացույցին: Ավելի նպատակահարմար գտանք, որ մնանք նստացույցի վայրում, որ խոսենք, հասկանանք, ով ինչ առաջարկություններ ունի»- ասաց նա:
Սարգսյանը հիշեցրեց, որ կոչով դիմել են ԼՀԿ և ԲՀԿ կուսակցություններին, և կարծում է, որ վաղը նրանցից արձագանքներ կլինեն: «Չեմ ուզում ակնկալիքներից խոսել: Ես կարծում եմ, որ նրանք, որպես ընդդիմադություն, պետք է մտնեն պրոցեսի մեջ, հետևեն մեր կոչին»,- նշեց Սարգսյանը: Անդրադառնալով հետագա գործողություններին՝ ակտիվիստը նշեց, որ ուսանողները դարձյալ ակցիա են իրականացնելու: Նա հավելեց նաև, որ վաղը մամուլի ասուլիսով են հանդես գալու, որտեղ կներկայացնեն իրենց անելիքները: «Օր օրի ավելանում են մեզ աջակցողների թիվը՝ մշակույթի գործիչներ, դասախոսներ: Ընդհանուր աջակցությունը շատ մեծ է, պարզապես կաշկանդվածություն կա, որը չի թողնում, որ մարդիկ ինչ-որ կերպ իրենց դրսևորեն»,- ասաց նա: Ըստ նրա՝ ակնհայտ է, որ ԿԳՄՍ-ի դեմ բողոքներ կան. «Մենք Արայիկ Հարությունյանին ժետոն ենք փոխանցել, որպեսզի մետրոյով տուն գնա և տեսնի, թե ինչպիսի կարծիք կա իր վարած ԿԳՄՍՆ ոլորտում»,- նշեց նա: Նա նշեց, որ երթերով պտտվել են գրեթե բոլոր համալսարանների մոտով, և չի եղել մեկ համալսարան, որտեղից երթին միացողներ չլինեին: Ակտիվիստի խոսքով՝ հստակ ազդանշան կա, որ մնացած համալսարաններում ևս բողոքի պահանջ կա: «Նստացույցը երբեք չենք դադարեցնում, նստացույցը 24 ժամ է: Այսօր էլ տուն չենք գնալու»,- ամփոփեց նա: