Սիրիայի իշխանությունները քրդերին առաջարկում են միասին պայքարել Սիրիայի հյուսիսում Թուրքիայի գործողությունների դեմ եւ պատրաստ են քրդական ջոկատների մարտիկներին ընդունել կառավարական բանակի շարքերում, բայց քրդերը դեռեւս հրաժարվում են՝ հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը ՌԻԱ Նովոստիին եւ «Ռոսիա 24»-ին հարցազրույցում: Սիրիայի նախագահը հիշեցրել է, որ ՌԴ-ի եւ Թուրքիայի միջեւ հուշագրի կնքումից հետո Սիրիայի պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հայտարարել է, որ պատրաստ է քրդական ջոկատների մարտիկներին ընդունել սիրիական բանակի շարքերում:
«Սակայն պատասխանը, որը, ինչպես հարկ է հասկանալ, պաշտոնական էր, սա է՝ քրդերը այժմ պատրաստ չեն միանալ սիրիական բանակին, եւ նրանք մտադիր են զենքն իրենց մոտ պահել տվյալ տարածաշրջաններում»,-հայտարարել է Ասադը:
«Նաեւ Սիրիայի եւ Ռուսաստանի համագործակցության շրջանակներում մենք այժմ աշխատում ենք քրդական ջոկատներին համոզել, որ սիրիական բանակին միանալը եւ պայքարը թուրք զավթիչների դեմ վստահելի եւ ճիշտ դիրքորոշում է այն տարածքները վերադարձնելու համար, որ Սիրիայի հյուսիսում կորցրել ենք այդ տարրերի գործողությունների պատճառով»,-ասել է Սիրիայի նախագահը: Նա ընդգծել է, որ հարկավոր է հետեւել իրադրության զարգացմանն առաջիկա շաբաթներին: