2020-ի պետական բյուջեի նախագիծը այսօրվա քննարկումների ընթացքում ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչները քննադատեցին՝ ասելով, թե ամենևին էլ հեղափոխական չէ, ինչպես որակում է Նիկոլ Փաշինյանի կառավարությունը, դեռ ավելին՝ պահպանողական է, իներցիոն: 2020-ի պետական բյուջեի նախագծով 2020-ին նախատեսվում է ունենալ 1 տրիլիոն 697 միլիարդ դրամ եկամուտ, 1 տրիլիոն 880 միլիարդ դրամ ծախս կատարել, տնտեսական աճն էլ նախատեսված է 4.9%:
Աժ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԼՀԿ խմբակցությունից Մանե Թանդիլյանը համեմատություն տարավ հարևան Վրաստանի հետ. «Վրաստանում 2003-ին տեղի ունեցավ հեղափոխություն, տնտեսական աճը տվյալ տարում 11.1 տոկոս էր, իսկ հետագա տարիներին միջինը մինչև 2008 թվականի ճգնաժամը՝ 9.7 տոկոս, և որքանո՞վ է այս բյուջեն հեղափոխական, եթե չասեմ պահպանողական, դա երևի ամենամեղմ նկարագիրը կլինի», - հայտարարեց պատգամավորը։ Թանդիլյանը նշեց, որ տարբեր առիթներով ասում են, որ որևէ խոչընդոտ չկա, և բազմաթիվ փոփոխություններ, բարեփոխումներ են արվել ներդրումների համար, այդ թվում՝ Հարկային օրենսգրքում. «Բայց այս վերջին երկու տարում 6.7 տոկոսը չի անցնում ներդրումների ծավալի աճը։ Այնինչ, նորից հեռու չգնալով՝ հետհեղափոխական Վրաստանի անմիջապես հաջորդ տարին 2.5 անգամ մեծացավ ներդրումների ծավալը՝ հասնելով մեկ միլիարդ դոլարի։ Գնահատականները թողնում եմ ձեզ», - նշեց նա։
Անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը շեշտեց՝ Հայաստանի քաղաքացիները թավշյա հեղափոխությունն իրականացրած ուժին պատգամել են երկրում արմատական, համակարգային բարեփոխումներ իրականացնել, այնինչ գալիք տարվա պետբյուջեի փաստաթուղթը զուրկ է նման բովանդակությունից:
«2020-ի պետական բյուջեն ոչ շատ հոռետեսական է, ոչ էլ լավատեսական, առավել ևս հեղափոխական չէ, ինչպես ներկայացնում են իշխանության շատ անդամներ, ցավով պետք է արձանագրել, որ 2020-ի պետական բյուջեի նախագիծը մեծապես կրում է իներցիայի շունչը՝ բազմաթիվ հոդվածներով ու ուղղություններով ֆինանսավորումն ընդամենը նպատակ ունի ապահովելու նախկին իներցիայի շարունակականությունը», - կարծում է Արման Բաբաջանյանը։ Նա նկատեց, որ բյուջեի նախագծում չկան հավակնոտ ծրագրեր, արմատական, համակարգային բարեփոխումներ, ընդհանուր առմամբ չկա ստեղծարարություն և նորարարություն։
Ընդդիմադիր պատգամավորներին հակադարձեց իշխանական «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանը: Նրա խոսքով, 2013-2017-ին ունեցել ենք անվանական ՀՆԱ-ի 400 միլիոն դոլարի աճ, այսինքն՝ 11.1 միլիարդից համախառն ներքին արդյունքը դարձել է 11.5։ «Եթե դա բաժանում ենք հինգ տարիների մեջ, տարեկան միջին աճը ՀՆԱ-ի կազմել է 0.7 տոկոս։ Հեղափոխությունից հետո երկու տարում՝ 2019 և 2020-ին, մենք կունենանք մոտավորապես 14.7 միլիարդ դոլարի ՀՆԱ, այսինքն՝ աճը կկազմի մոտավորապես 20 տոկոս», - հայտարարեց պատգամավորը։