Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Դարիգա Նազարբաևային

Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Դարիգա Նազարբաևային
16.11.2019 | 15:38

Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Ղազախստանի Սենատի նախագահ Դարիգա Նազարբաևային: Ողջունելով բարձրաստիճան հյուրին՝ Արմեն Սարգսյանը ասել է, որ երկու ժողովուրդները, ունենալով ընդհանուր պատմություն, միասին ապրել են Ռուսական կայսրության, Խորհրդային Միության ժամանակաշրջաններում, իսկ այսօր՝ Եվրասիական համագործակցության շրջանում:

«Մեր ֆիզիկական ճանապարհները շատ մոտ էին, քանի որ կար Մետաքսի ճանապարհը, որն անցնում էր Ղազախստանով և Հայաստանով: Հայերը միշտ եղել են այդ ճանապարհին»,- նշել է նախագահ Սարգսյանը: Բարձր գնահատելով Ղազախստանի ղեկավարության վերաբերմունքը հայ համայնքի նկատմամբ՝ Հայաստանի նախագահն ասել է, որ հայերը Ղազախստանում իրենց զգում են ինչպես տանը, ինչը հաստատվել է նաև նրանց հետ իր հանդիպումների ժամանակ: Դարիգա Նազարբաևան նախագահին է փոխանցել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի ջերմ ողջույններն ու բարեմաղթանքները և նշել, որ հաջորդ տարի նախատեսվում է նրա պաշտոնական այցը Հայաստան: «Վստահ եմ, որ այն նոր, ավելի նշանակալից փուլ կբացի մեր երկրների հարաբերություններում,– ասել է նա: – Այս տարի նշում ենք Ղազախստանի և Հայաստանի միջև Բարեկամության և համագործակցության համաձայնագրի ստորագրման 20-ամյակը: Այս տարիների ընթացքում մենք սերտորեն համագործակցել ենք և պատմականորեն կապված ենք եղել այդ ամբողջ ընթացքում»: Դարիգա Նազարբաևան նույնպես ընդգծել է Ղազախստանի հայ համայնքի կարևոր դերը՝ նշելով, որ նրանք ակտիվ գործարարներ են, աշխատում են մշակույթի ոլորտում, պետական կառույցներում, իսկ խորհրդարանն ունի հայկական սփյուռքը ներկայացնող պատգամավոր:


Արմեն Սարգսյանը կարևոր է համարել երկխոսությունը նաև միջխորհրդարանական մակարդակով: Ղազախստանի խորհրդարանի Սենատի նախագահն իր հերթին նշել է, որ միջխորհրդարանական հարաբերությունները զարգանում են շատ լավ դինամիկայով: Զրուցակիցները համակարծիք են եղել, որ համագործակցության հեռանկարները մեծ են և դրանք պետք է զարգացնել տարբեր ուղղություններով: Կարևորելով տնտեսական փոխգործակցության ակտիվացումը՝ նախագահ Սարգսյանն ասել է, որ առկա ցուցանիշները զիջում են իրական ներուժին: Փոխգործակցության հեռանկարային ուղղությունների շարքում նա նշել է տեղեկատվական և նորագույն տեխնոլոգիաների, սննդի անվտանգության, մշակույթի, գիտության ոլորտները, կարևորել երիտասարդների փոխանակման ծրագրերն ու երիտասարդական կազմակերպությունների համագործակցությունը:


Արմեն Սարգսյանը ներկայացրել է նախագահական նախաձեռնությունների շրջանակում հաջորդ տարվա ընթացքում Հայաստանում նախատեսվող մի շարք միջոցառումներ, այդ թվում՝ «Մտքերի հայկական գագաթնաժողովը», STARMUS 6-րդ միջազգային փառատոնը և նշել, որ այդ շրջանակում կան համագործակցության մեծ հնարավորություններ: Հանրապետության նախագահը, անդրադարձել է նաև ATOM նախագահական նախաձեռնությանը, որն ուղղված է Հայաստանում նորագույն տեխնոլոգիաների և գիտության զարգացմանը: Ծրագիրը, ի թիվս այլ բաղադրիչների, նպատակ ունի տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտում միջազգային խոշոր տեխնոլոգիական ընկերություններին բերել Հայաստան՝ մեր երկիրը դարձնելով արհեստական բանականության և մաթեմատիկական մոդելավորման ոլորտում առաջատար կենտրոններից մեկը: Նա նշել է, որ ուրախ կլինեն ծրագրի շրջանակում համագործակցել նաև ղազախական ընկերությունների հետ:

Դիտվել է՝ 465

Մեկնաբանություններ