Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

Վրաստանի իշխանությունները չեն պատրաստվում քննարկել ընդդիմության պահանջը

Վրաստանի իշխանությունները չեն պատրաստվում քննարկել ընդդիմության պահանջը
18.11.2019 | 22:49

Վրաստանում նոր թափով վերսկսված զանգվածային բողոքի ակցիաների ֆոնին իշխող ուժը հայտարարում է՝ մտադիր չեն քննարկել ընտրական բարեփոխումների ընդդիմության պահանջը: «Ընտրությունները կանցկացվեն գործող Սահմանադրությանը համապատասխան, սահմանված ժամկետներում, բարձրագույն ժողովրդավարական չափանիշներով և միջազգային հանրության ներգրավվածությամբ»՝ այսօր հայտարարել է «Վրացական երազանք» իշխող կուսակցության գլխավոր քարտուղար, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն:


Երեկվանից խորհրդարանի շենքի մոտ հավաքված ընդդիմադիրներին Կալաձեն հորդորել է գնալ և պատրաստվել ընտրությունների ու հանրության շրջանում աջակցության բացակայությունը չվերագրել ընտրական համակարգին:
Վրաստանում ներքաղաքական իրավիճակը կտրուկ սրվել է անցած շաբաթավերջին՝ իշխող ուժի կողմից ընտրական բարեփոխումների հարցով օրենսդրական նախաձեռնությունը տապալելուց հետո:


Ամռանը Վրաստանում աննախադեպ ցույցերի ժամանակ Բիձինա Իվինիշվիլին խոստացել էր կատարել 2020-ի խորհրդարանական ընտրությունները բացառապես համամասնական ընտրակարգով անցկացնելու ցուցարարների պահանջը: Այս տարվա հունիսին Թբիլիսիում անկարգություններից հետո Իվանիշվիլին, հանրային անդորրը վերականգնելու նպատակով, նաև խոստացել էր, որ առաջիկա ընտրություններում կվերացվի կուսակցությունների` օրենսդիր մարմնում ներկայացված լինելու համար սահմանված 3-տոկոսանոց շեմը՝սահմանելով զրոյական ընտրական շեմ: Նոյեմբերի 14-ին վրացական խորհրդարանի իշխող մեծամասնությունը մերժեց իր առաջարկած բարեփոխումները, մեծամասնական ընտրակարգը Վրաստանում կպահպանվի մինչև 2024 թվականը: Սա դժգոհության աննախադեպ ալիք բարձրացրեց հանրության շրջանում, ընդդիմախոսները իշխանություններին մեղադրում են սուտ խոստումներ տալու մեջ:


Վրաստանի գրեթե բոլոր ընդդիմադիր ուժերը հանգստյան օրերին շարունակել են բողոքի գործողությունները, վրաններ տեղադրել խորհրդարանի շենքի մոտ՝ սպառնալով արգելափակել մուտքը եւ ներս չթողել իշխող ուժի պատգամավորներին խորհրդարանի շենք: Ինչպես հայտարարել է ընդդիմադիր առաջնորդ Գիորգի Վաշաձեն, խորհրդարանի դռները բաց են միայն հավաքարարների, ոստիկանների և աշխատակազմի աշխատակիցների համար:
Այսօր նախատեսված էր Տարածաշրջանային քաղաքականության և ինքնավարության հարցերի խորհրդարանական հանձնաժողովի նիստը, սակայն պատգամավորներից ոչ մեկին չի հաջողվել ներկայանալ, ընդդիմադիր ակտիվիստները նրանց մուտքը արգելափակել են «դավաճան», «ստրուկ» վանկարկումներով:


Բողոքի գործողությունների պատճառ դարձած՝ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների տապալումից դժգոհ են ոչ միայն ընդդիմադիրները, այլ նաև իշխող ուժի անդամները, այդ թվում՝ խորհրդարանի փոխխոսնակ Թամար Չուգոշվիլին, նրանք քվեարկությունից հետո լքել են խորհրդարանական մեծամասնությունը և օրենսդիր մարմնում զբաղեցրած պաշտոնները:
«Վրացական երազանք»-ի առաջնորդը քվեարկության տապալումից հետո շտապեց հայտարարել, թե իր նախաձեռնությունը ձախողել են բացառապես «Վրացական երազանք» խմբակցության մեծամասնական ընտրակարգով ընտրված անդամները:


Ընդդիմությունը և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները չեն հավատում, որ իշխող թիմի անդամները սեփական կամքով են «ներկուսակցական ապստամբություն» բարձրացրել: Ընդդիմախոսները համոզված են՝ մեծամասնական պատգամավորների միջոցով Իվանիշվիլին տապալեց ընտրությունների անցկացման՝ իր համար ոչ այնքան ձեռնտու տարբերակը, որին ստիպված էր համաձայնել ներքաղաքական ճգնաժամի պայմաններում:

Դիտվել է՝ 322

Մեկնաբանություններ