Խորհրդարանում այսօր ելույթով են հանդես գալիս Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի թեկնածուները։ Նոր ստեղծվելիք, Բարձրաստիճան պաշտոնյաների էթիկայի հանձնաժողովին փոխարինող այս հանձնաժողովը հինգ անդամ է ունենալու, որոնց առաջադրում են կառավարությունը, Բարձրագույն դատական խորհուրդը և ԱԺ խմբակցությունները։ Կառավարության առաջադրած թեկնածուն՝ Լիլիթ Ալեքսանյանը, վերջին 9 տարիներին աշխատել է HSBC բանկում: Խորհրդարանում այսօր նա վստահեցրեց՝ իր փորձառությունը բավարար է հանձնաժողովի աշխատանքներին արդյունավետ մասնակցելու համար:
Լիլիթ Ալեքսանյանը ներկայացրեց առաջարկ՝ պաշտոնյաների հայտարարագրած նվերների առումով․«Գուցե վերադասը կամ որևէ հանձնաժողով պետք է հաստատի, նոր կարողանա պաշտոնյան այդ նվերը ընդունել, որովհետև այդտեղ կարող է լինել հստակ շահագրգռվածություն կամ շահերի բախում», - ասաց նա։
Անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը նախ նկատեց՝ լավ կլիներ, որ գործադիրը ներկայացներ, թե ինչու է հենց Լիլիթ Ալեքսանյանի թեկնածության վրա կանգ առել: Ըստ նրա, չի պահպանվել թեկնածուների ընտրության մրցութային կարգը, որը նաև միջազգային կառույցների պահանջ էր։ «Քաղաքացիական հասարակությունն ամբողջությամբ այս պահին ներկայացված չէ այստեղ, ինչը լուրջ վերապահումներ, կասկածներ կարող է առաջ բերել ապագայում Ձեր գործունեության հետ կապված», - հայտարարեց նա։
«Իմ քայլը» խմբակցությունը հանձնաժողովի անդամի պաշտոնում առաջադրել է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի անդամ Էդգար Շաթիրյանին: Նա 2016-ին նախկին նախագահ Սերժ Սարգսյանի հրամանով ընդգրկվել է կոռուպցիայի դեմ պայքարի աշխատանքային խմբում, մասնակցել է 2017-ին ընդունված հակակոռուպցիոն օրինագծերի փաթեթների ստեղծման աշխատանքներին: Փաթեթի մաս է կազմել նաև Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին օրենքը, որը հեղափոխությունից հետո փոփոխվել է:
«Այս հանձնաժողովը չի կարող դիտարկվել որպես դասական իմաստով կոռուպցիայի դեմ մարմին, որովհետև կոռուպցիայի դեմ պայքարը ներհատուկ է իրավապահ մարմիններին։ Այս մարմնին վերապահված չէ քննություն իրականացնելու իրավասություն քրեադատավարական առումով, այս մարմինը չի ունենալու օպերատիվ բլոկ», - նկատեց նա։
Արման Բաբաջանյանն ակնարկեց, որ գործող Էթիկայի հանձնաժողովը ձախողել է, և այդ հանձնաժողովի անդամ ու նոր ձևավորվելիք հանձաժողովի թեկնածու Շաթրյանից հետաքրքվեց՝ ո՞վ է կրելու քաղաքական պատասխանատվությունը, եթե ձախողի նաև այս հանձնաժողովը։ «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի հնարավոր ձախողման հետ կապված՝ Աստված մի արասցե, այսպես պատասխանեմ, նման բան լինի», - պատասխանեց Շաթրյանը։
ԲՀԿ խմբակցությունն այս պաշտոնում առաջադրել է Նարեկ Համբարձումյանի թեկնածությունը, նա նախկին քննիչ է, մասնագիտացած է կոռուպցիոն, սեփականության դեմ ուղղված հանցագործությունների քննության հարցում: Իշխող խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը հետաքրքվեց թեկնածուից՝ ինչ փոխկապակցվածություն ունի ԲՀԿ-ի հետ։ «Ես ԲՀԿ-ի հետ որևէ առնչություն չունեմ, որևէ կապ չունեմ, կոնկրետ թե ինչի է խմբակցությունն ընտրել իմ թեկնածությունը, կարծում եմ՝ տվյալ հարցին ավելի ճիշտ կպատասխանի խմբակցությունը», - ասաց Համբարձումյանը։ Նրա ենթադրությամբ, իրեն առաջադրել են՝ հաշվի առնելով անձը, կրթությունը, անցած ուղին։
ԼՀԿ-ն առաջադրել է Հայկուհի Հարությունյանի թեկնածությունը: Նա 14 տարվա մասնագիտական գործունեություն ունի իրավական ոլորտում։ Նա մատնանշեց, որ պաշտպանական տեսանկյունից մասնակցություն է ունեցել «Էլեկտրիկ Երևանի», 2016-ի «Սասնա ծռերի» գործողությունների հետևանքով ծավալված հավաքների և թավշյա հեղափոխության օրերի ժամանակ դրսևորված խախտումների դեպքերին։