Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը պատասխանել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի սպառնալիքներին՝ փախստականների առաջ Եվրոպայի դռները բացելու մասին: Միցոտակիսը գերմանական «Handelsblatt» թերթին հարցազրույցում նշել է, որ Էգեյան ծովից Հունաստան մուտք գործած փախստականների թիվն ավելացել է: «Այս ամենը չի կարող շարունակվել: Թուրքիան փախստականներին օգտագործում է որպես լծակ և փորձում է ինչ-որ բան շահել դրանից»,-նշել է Հունաստանի վարչապետը: Անդրադառնալով Էրդողանի փախստականների առջև «դռները բացելու» հայտարարությանը, Միցոտակիսը նշել է, որ ինքն Էրդողանին ասել է՝ «եթե Թուրքիան իրոք ցանկանում է բարիդրացիական հարաբերություններ կառուցել Հունաստանի հետ, չի կարող փախստականներին նման կերպ օգտագործել»: Նա ընդգծել է, որ Թուրքիայի գործողությունները հակասում են ԵՄ-ի և Թուրքիայի փախստականների մասին համաձայնագրին: