Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ գլխավոր դատախազության որոշումը՝ մեղադրել իրեն կոռուպցիայի համար, «պետական հեղաշրջման» փորձ է: «Վարչապետ Բենիամին Նեթանյահուն ասել է, որ դատախազության կողմից իրեն մեղադրանք ներկայացնելու որոշումը «պետական հեղաշրջման փորձ է», և պահանջել է քննություն սկսել քննիչների նկատմամբ»,- ասված է հաղորդագրության մեջ: Իսրայելի գլխավոր դատախազ Ավիխայ Մանդելբլիտի ելույթից մեկ ժամ անց, վարչապետն իր նստավայրից դիմել է երկրին՝ հայտարարելով, որ չնայած ինքը շատ է հարգում դատական համակարգը, սակայն պետք է նշել, որ «ոստիկանության քննիչների և դատախազության հետ ինչ-որ բան այն չէ»:
Նեթանյահուն հայտարարել է, որ դատական գործընթացն իր դեմ է ուղղվել «վարչապետին պաշտոնանկ անելու» համար, և նշել է, որ մեղադրանքն առաջ է քաշվել «շատ զգայուն պահի, որին ժողովուրդն առաջին անգամ է առերեսվում»՝ հենց այն օրը, երբ կառավարություն ձևավորելու պատասխանատվությունը փոխանցվել է Կնեսետին: Իսրայելի գլխավոր դատախազ Ավիխայ Մանդելբլիտը հայտնել է, որ մտադիր է երկրի վարչապետ Բենյամին Նեթանյահուի դեմ կոռուպցիայի 3 քրեական գործ հարուցել: Գլխավոր դատախազը խոստացել է մեղադրել Նեթանյահուին մեքենայությունների, կաշառակերության և վստահության չարաշահման համար: Սա առաջին դեպքը կլինի Իսրայելի պատմության մեջ, երբ կառավարության գործող ղեկավարը քրեական հետապնդման կենթարկվի: