Արդյունավետ այց էր, թե զբոսանք, դժվար կլինի ասել՝ մամուլի ասուլիսում ասաց փորձագետ, վերլուծաբան Միհրդատ Մադաթյանը` անդրադառնալով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցին Իտալիա։
Ըստ նրա՝ այցն ավելի շատ պոպուլիստական էր և ոչ արդյունավետ: Անդրադառնալով Սուրբ Ղազար կղզում Նիկոլ Փաշինյանի ելույթին՝ Միհրդատ Մադաթյանը նշեց. «Այդ մարդուն այնքան են ասել, որ ինքը փրկիչ է, որ հավատացել է և սկսել է ինքն իրեն նույնականացնել Քրիստոսի հետ, ելույթում էլ նույնականացրեց` սկսած բարությունից, վերջացրած սեղան շուռ տալով»,-ասաց նա և նշեց, որ թեև հակասություններ կան բարության և «ասֆալտին փռելու» ու «պատերով տալու» միջև: Անդրադառնալով ադրբեջանցի բլոգերի միջադեպին՝ վերլուծաբանը նշեց, որ ակնհայտ էր, որ նա բլոգեր չէր: «Չեմ կարծում, որ Հայաստանի վարչապետի թիկնազորն այնքան թույլ էր, որ «բլոգերը» իր ոտքով եկավ ու ներս մտավ: Կարծում եմ, որ դա զգուշացված էր»:
Փորձագետը նշեց, որ մենք բոլորս` հանրության շատ ներկայացուցիչներ, ունենալով բազմաթիվ խնդիրներ Հայաստանում, որտեղ միջավայրն ավելի անվտանգ է Նիկոլ Փաշինյանի համար, ինքն էլ բազմիցս հայտարարել է, որ լեգիտիմ իշխանություն է, բայց մարդիկ մեծ դժվարությամբ են հասնում վարչապետին և հարց ուղղում: «Սա նույնպես պոպուլիստական քայլ էր»,-ասաց Միհրդատ Մադաթյանը:
«Մենք այսօր ունենք Հայաստանի քաղաքացիներից լուրջ պատսպարում, իսկ ադրբեջանցի բլոգերների դիմաց բաց դիալոգ: Ես կարծում եմ, որ սա թատերական բեմադրություն էր, որը տեղի ունեցավ և որտեղ Փաշինյանը փորձեց ներկայանալ որպես հերոս»,-ասաց նա: