Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության և տնտեսական զարգացման նախարարություններին կից Իտալիայի արտաքին առևտրի գործակալության՝ ICE-ի նախագահ Կարլո Ֆերոյի հետ։ Հանդիպմանը մասնակցում էր նաև ICE-ի գլխավոր տնօրեն Ռոբերտո Լուոնգոն։ Վարչապետը կարևորել է Իտալիայի արտաքին առևտրի պետական գործակալության ղեկավարության հետ հանդիպումը՝ երկկողմ տնտեսական համագործակցության զարգացման հեռանկարները քննարկելու համատեքստում։
Նա գոհունակությամբ ընդգծել է երկու երկրների քաղաքական երկխոսության բարձր մակարդակը և ընթացիկ տարում տնտեսական կապերի զարգացման լավ դինամիկան, որ վկայում է իտալական կապիտալի ներգրավվածության ընդլայնումը մեր երկրում, երկկողմ առևտրաշրջանառության աճը, նաև 2020-ի հունվարից Երևան-Միլան-Հռոմ չվերթների գործարկումը, որը կնպաստի զբոսաշրջային և բիզնես կապերի զարգացմանը։
Կարլո Ֆերոն ողջունել է ՀՀ վարչապետի այցն Իտալիա և նշել, որ իտալական կողմը հետաքրքրված է Հայաստանի հետ գործարար համագործակցության զարգացմամբ, տպավորված է բիզնեսի ոլորտում արձանագրվող աճով և պատրաստ է քննարկել համատեղ նախաձեռնությունների հնարավորությունները։ Իտալիայի արտաքին առևտրի պետական գործակալության նախագահը ներկայացրել է իր ղեկավարած կառույցի գործունեությունը՝ նշելով, որ մասնագիտացած է իտալական ընկերությունների միջազգային գործունեությունը խթանելու գործում։ Նա արդյունավետ է համարել այս տարվա հունիսին Երևանում և երեկ Միլանում հայ-իտալական գործարար համաժողովների անցկացումը և առաջարկել քննարկել ֆորումների արդյունքների կապիտալիզացման հնարավորությունը։
Փոխգործակցության զարգացման համատեքստում զրուցակիցները հետաքրքրական են համարել զբոսաշրջության, հյուրանոցային բիզնեսի, գյուղատնտեսության, ագրոտուրիզմի ոլորտներում համատեղ ծրագրերը և մտքեր փոխանակել դրանց իրականացման հեռանկարների շուրջ։ Վարչապետը նշել է, որ ՀՀ կառավարության նպատակը Հայաստանում բիզնես գործունեության համար եվրոպական չափանիշներին համահունչ տնտեսական և օրենսդրական միջավայրի ձևավորումն է և դեպի եվրասիական շուկա ազատ, անսահմանափակ մուտքի ապահովումը, ներկայացրել այդ ուղղությամբ արվող քայլերը։ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Կարլո Ֆերոյին համագործակցելու պատրաստակամության համար, առաջարկել Հայաստանի հնարավորությունները ներկայացնել իտալական ներդրողներին, հրավիրել Հայաստան՝ տեղում ծանոթանալու երկրին և հնարավորություններին։ Երկուստեք կարևորվել է զբոսաշրջային բիզնեսում ներգրավված ՓՄՁ-ների միջև փորձի փոխանակումը։ Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել՝ հետագա անելիքների և կոնկրետ ծրագրերի շուրջ քննարկումները շարունակել Հայաստանի շահագրգիռ գերատեսչությունների և Իտալիայի արտաքին առևտրի պետական գործակալության մակարդակով։